Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծխախոտը գետնին գցող քաղաքացին պետք է տուգանվի 16 հազարով. նախարար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
loqyan

Գործադիր մարմինն այսօր հաստատեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը  նշեց, որ Հայաստանում դեռևս չկա միջավայրը չաղտոտելու մշակույթ. «Կոշտ վարչական նորմեր են սահմանվելու նրանց համար, որոնք չեն պահպանելու նորմերը, մինչև տարեվերջ գծագրվում է, թե ինչ աշխատանքներ ենք իրականացրել»: Նախարարը վստահեցրեց, որ ուղղիչ գործողությունների շարք են պատրաստել՝ շաբաթօրյակներ, գործող աղբավայրերի ցանկապատում: «Քարոզչական մեծ բլոկ կա, բայց ֆինանսական դժվարություններ կան, 30-35 միլիոն դրամի միջոցներ ենք փորձում հայթայթել միջազգային կառույցներից, որը կուղղվի քարոզչության այս միջոցների օգտագործմանը», - ասաց Դավիթ Լոքյանը։ Կառավարության նիստից հետո նախարարը մանրամասնեց ծրագրի դրույթները. «Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 300 հազար դրամի»: Նախարարը կարծում է, որ ծխախոտը գետնին գցող քաղաքացին պետք է տուգանվի 16 հազար դրամով, որպեսզի մյուս անգամ նույն արարքը չկրկնի: Իսկ մեխանիզմը կլինի մեքենայի խախտման վճարների նման: Ինչ վերաբերում է քարոզչական նյութերին, ապա դրա համար  հատուկ բաժակներ, գլխարկներ են պատրաստվելու,  որոնց վրա կլինեն կոչեր՝ մաքուր պահենք միջավայրը եւ այլն: «Ա1+»-ի դիտարկմանը, թե արդյո՞ք այդ միջոցները հավելյալ գումարի ծախս չեն, հատկապես երբ նախարարը ինքն էր նշել, որ ֆինանսական դժվարություններ կան, Դավիթ Լոքյանն արձագանքեց. «Միջոցառումների կազմակերպման համար բյուջեից գումարներ չեն հատկացվում, ամբողջը կատարվում է մասնավոր ներդրումների միջոցով»։  Նա նաև վստահեցրեց, որ նման միջոցները կօգնեն մարդկանց սովորել մաքուր պահել միջավայրը: Մանրամասները՝ տեսանյութում