Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը կարծես ցանկանում է հանրային պաշտպաններ ներգրավել Սասնա ծռերի գործում

Քաղաքականություն
sasna-crer..

Սասնա ծռերի 18 անդամներից Թորոս Թորոսյանը դեմ է իրեն հանրային պաշտպան տրամադրելուն, սակայն դատավորը որոշեց նրան տրամադրել հանրային պաշտպան, քանի որ նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն արդեն 4-րդ դատական նիստն է՝ չի ներկայանում դատարան։ Պաշտպանն այսօր գրություն էր ուղարկել դատարան և տեղեկացրել, որ այլ դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի։ Դատավորի որոշումը հանրային պաշտպան տրամադրելու վերաբերյալ առաջացրեց պաշտպանական կողմի դժգոհությունը։ Հրանտ Գևորգյանը նշեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե դատարանը ցանկանում է հանրային պաշտպաններով դատական նիստ անցկացնել, իսկ Ինեսա Պետրոսյանն էլ հավելեց. «Հանրային պաշտպաններն ինչ-որ մեկի կամակատա՞րն են լինելու»։ Դատավորն այսօր որոշեց նաև ճշտել ամբաստանյալներ Տիգրան Մանուկյանի և Թաթուլ Թամրազյանի կարծիքը՝ արդյո՞ք նրանք ցանկանում են հանրային պաշտպան ունենալ։ Նրանց պաշտպան Մոնիկա Մարգարյանը եւս չէր ներկայացել դատարան։ Ամբաստանյալները նշեցին, որ չեն հրաժարվում իրենց պաշտպանից և իրենց հանրային պաշտպան պետք չէ։ Այսօր դատական նիստին դահլիճ բերված Տիգրան Մանուկյանը ցանկանում էր խոսել, դատավորը նրան նկատողություն արեց, ինչին Տիգրան Մանուկյանն արձագանքեց. «Դատարանը չի փայլել կարգապահությամբ, որ մեզ սովորեցնի կարգապահություն»։ Այսօրվա նիստին չէր մասնակցում նաև պաշտպաններից Լուսինե Սահակյանը։ Նա գտնվում էր արձակուրդում։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի հարցին՝ արդյո՞ք Լուսինե Սահակյանի բացակայությունը խոչընդոտ չէ նիստը շարունակելու համար, Երվանդ Վարոսյանը նշեց, որ միակ խոչընդոտն այն է, որ ամբաստանյալներն այս դահլիճում չեն, եւ միջնորդեց նրանց՝ անհապաղ բերել նիստերի դահլիճ։ Միջնորդությանը միացավ նաև Դավիթ Գյուրջյանը՝ նշելով, որ եթե ամբաստանյալները դահլիճ չբերվեն, ապա նրանք կհեռանան։  Այս պահին դատավորն ընդմիջում է հայտարարել՝ դատական կարգադրիչների ներկայացրած արձանագրությանը ծանոթանալու համար, որոնք վերաբերում են Մուշեղ Շուշանյանին, Նինա Կարապետյանցին ու Արայիկ Պապիկյանին։