Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Խաչատրյան դեռ կհասցնեմ կատարել. Մաքսիմ Վենգերով (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-4

«Փառատոններն աշխարհում շատ են, սակայն մրցույթ -փառատոնը երիտասարդ կատարողների համար առանձնահատուկ դեպք է, և ուրախ եմ փառատոնին իմ մասնակցության համար»,- այսօր Երևանում հայտարարեց աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Նա ելույթ կունենա  հուլիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում փառատոնի փակման համերգին։ Իսկ մինչ համերգը կհայտարարվեն «Արմենիա» առաջին մրցույթ-փառատոնի հաղթողները։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով, ինքը համոզված է, որ կգա ժամանակ, երբ երիտասարդ կատարողները կհպարտանան, որ մասնակցել են նման մրցույթի։ Սա Մաքսիմ Վենգերովի երրորդ այցն է Հայաստան։ «Ուրախ եմ ձեր արևային, բարձր մշակույթ ունեցող  երկիրն այցելել, -ասում է  ջութակահարը։ - Հայաստանը միշտ տոն է, առանձնահատուկ ջերմ մթնոլորտ է տիրում դահլիճում»։ Հայաստանը նրա համար առնչվում է նաև Վահագն Պապյանի անվան հետ, ով նրա համար ավելին է, քան կոլեգա, կարելի է ասել անգամ մեծ եղբոր նման է, ասում է նա. «Պապյանի շնորհիվ ես հետաքրքրվեցի դիրիժորական արվեստով»։ Երաժշտությունը Վենգերովի համար քաղաքականությունից վեր է։ Երաժշտության լեզուն էսպերանտոն է, ասում է նա։ Երաժշտության լեզվով կարելի է փոխանցել յուրաքանչյուր զգացմունք։ Հարցին, թե ինչու երբևէ չի կատարել Արամ Խաչատրյանի միջազգային ճանաչում ունեցող ջութակի կոնցերտը, պատասխանեց հումորով. «Դեռ ինձ երիտասարդ եմ համարում, և կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է, կհասցնեմ կատարել»։ Համերգին Մաքսիմ Վենգերովի կատարմամբ կհնչի Բրամսի կոնցերտը, որը նրա համոզմամբ ջութակի համար գրված երաժշտական կտավների բարձունքն է։