Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ դաշինքը Սերժ Սարգսյանին համոզողների մեջ չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Nikol-Pashinyan_Yelq

ԱԺ արտահերթ նիստին 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փորձեց վարկածներ առաջ բերել, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ո՞ր քայլը չներվեց, որ հրաժարական տվեց. «Օրինակ՝ նախորդ տարվա հուլիսյան դեպքերով ներվեց ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, որի կառույցի հայտարարած դեպքերը տեղի ունեցան, իսկ նրանք չկարողացան դրանք կանխել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին այդ նույնն իրադարձությունները ներվեցին, սակայն Հովիկ Աբրահամյանին ինչ-որ բան չներվեց՝ ի՞նչը եւ ինչո՞ւ: Կարծում եմ՝ ՀՀ-ն այդ ժամանակներից թեւակոխում է իշխանության տրանսֆորմացիայի մի շրջան, եւ Հովիկ Աբրահամյանը, լինելով ՀՀԿ հնաբնակներից, կարող էր կուսակցության ներսում որոշակի կոնսոլիդացիա ապահովել՝ որոշակիորեն խառնելով Սերժ Սարգսյանի՝ մեզ եւ ձեզ հայտնի պլանները»: Իսկ թե ինչո՞ւ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, գործոնները բազմաթիվ են. «Ոչ երկրորդական գործոն է այն, որ նա ՀՀԿ-ում հնաբնակ չէ, եւ ինքը մեծ պոտենցիալ չունի ՀՀԿ ներսում, իր շուրջ կոնսոլիդացիա ապահովելու համար»: Նրա տպավորությամբ՝ նախարարները հանձնարարություններ են ստանում միայն Սերժ Սարգսյանից, իսկ վարչապետից ընդհանրապես ոչ մի հանձնարարություն չեն ստանում, քանի որ իրենց հարցազրույցներում շեշտում են միայն Սերժ Սարգսյանի անունը: Պատգամավորն անդրադարձավ նաեւ իրենց խմբակցության հարցին ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի այն պատասխանին, որ ինքը չի մտնում այն մարդկանց շրջանակի մեջ, որոնք համոզում են Սերժ Սարգսյանին, որ 2018թ. լինի վարչապետ. «Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ԵԼՔ դաշինքը չի մտնում այն մարդկանց կամ շրջանակի մեջ, ովքեր համոզում են Սերժ Սարգսյանին 2018թ. ստանձնել վարչապետի պաշտոնը»: