Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Կարմիրի նկարիչը կամ վատատեսության թշնամին (տեսանյութ)

Մշակույթ
unnamed-14

Սահմանադրական դատարանում հավաքույթ է՝ ոչ սովորական առիթով։ Հյուրերը գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսին են եկել։ Ցուցադրության վայրն ընտրվել է ոչ պատահականորեն։  «Այս ցուցահանդեսի սիրված նկարը Սահմանադրության ծնունդը նկարն է,որի վրա աշխատել եմ մեծ զգացումներով։  Այդ պահին Աստծո ներկայությունն զգում էի»,- «Ա1+»-ին ասում է Ռուդիկ Պետրոսյանը։ Ամեն ինչի մեջ էլ արվեստ կա, պարզապես մարդը պետք է այն տեսնելու կարողություն ունենա։ Գեղանկարիչը գեղեցկություն տեսնում է անգամ Մայր օրենքի տողերի արանքում։ «Սահմանադրության մեջ էլ եթե արվեստ է լինում, ուրեմն այդ Սահմանադրությունը կատարյալ է։ Մեր գրված Սահմանադրությունն էլ արվեստ է»։ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքները գունեղ են, բայց գերիշխող է կարմիրը։ Ասում է կարմիրով մարդկանց ոգևորում է, էմոցիաներ հաղորդում։ Փորձում է հայաստանցիների մեջ եղած վատատեսությունը ցրել։  «Լավատեսությունը, լույսը, մարդկանց լավ էմոցիաներ տալը, բարիություն, գեղեցիկը։ Իմ նկարներով, իմ գույներով ես ուզում եմ ուրախություն փոխանցել, որ մեր ժողովուրդն արժանի է բարձունքների»։ Գուցե զարմացնեմ, բայց պետք է խոստովանեմ՝ ավարտված նկար գոյություն չունի։ Արվեստը սահմաններ չունի, ինչպես և մարդու միտքն է անսահման։  «Երբեմն առավոտը արթնանում եմ, վերջացրած նկար է, ասում եմ հինգ րոպե էլ նկարեմ, 5-ը դառնում է 15 ժամ»,-պատմում է։ Ռուդիկ Պետրոսյանը Հայաստանում հաճախ չի լինում։ Նրա կտավները ցուցադրվում են թե արևմուտքի, թե արևելքի ցուցասրահներում։ Ճապոնացիները հատկապես ոգևորվել են Արցախի կյանքը պատկերող կտավներով։ «Իրենք տեսնելով՝ երբեմն ասում են՝ այսքան գեղեցի՞կ է Արցախը, ասում եմ Արցախը շատ գեղեցիկ է, դա դեռ ի՞նչ է որ։ Նկարներս նայելով շատերը ցանկանում են այցելել Արցախ»։ Ստեփանակերտից եղբոր ցուցահանդեսին է շտապել քանդակագործ Ռոբերտ Պետրոսյանը։ Միասին Թերլեմեզյանի ուսումնարանն են ավարտել։ Դեռ մանկուց գեղանկարչությանը տրված եղբոր մասին խոսելիս բացում է հիշողությունների պահոցը։  «Ինքը շատ է սիրել մանկուց նկարել։ Ինքը նաբրոսկա թղթապանակը չէր գցում որտեղ էլ գնար, հարսանիք գնար, թատրոն գնար, ինչ պատահական մարդկանց տեսներ նաբրոսկա էր անում։ Ինքը չէր ամաչում, նկարում էր»,- ասում է քանդակագործը։ Գեղանկարիչ Ռուդիկ Գրիգորյանի աշխատանքները Սահմանադրական դատարանում կցուցադրվեն նվազագույնը ևս մեկ շաբաթ։