Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւան»-ը վերադառնում է անակնկալներով

Մշակույթ
20170628_195954

«Երևան» քառյակը, որն այլ կազմով գոյություն է ունեցել տարբեր ժամանակահատվածներում՝ ընդհուպ մինչև 90-ականները, այժմ հանդիսատեսին է ներկայանում նորովի՝  ստեղծագործական նոր նպատակներով։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Երևան» քառյակի դեբյուտային համերգը: «Քառյակի վերակազմավորման գլխավոր նպատակը հայ կոմպոզիտորներին և հայկական երաժշտությունը հնարավորին չափ միջազգային դարձնելն է», - ասում է հիմնադիր Նարեկ Սահակյանը: Երեք ամիս առաջ վերաձևավորված քառյակի կազմում են Նարեկ Սահակյանը (առաջին ջութակ), Արտաշես Մելիքյանը (երկրորդ ջութակ), Վերոնիկա Վարդպատրիկյանը (ալտ) և Միքայել Նավասարդյանը (թավջութակ)։ Խմբի երկրորդ ջութակահար Արտաշես Մելիքյանը, խոստովանում է, որ լսելով քառյակի վերաձևավորման գաղափարի մասին՝ ոգեւորվել է։ « Երբ Նարեկն առաջարկեց վերստեղծել խումբը, անմիջապես համաձայնեցի, քանի որ ինձ մոտ էլ հասունացել էր այդ պահանջը: Իհարկե, մի փոքր բարդ է խումբ ձևավորելը, սակայն մեծ ոգևությունն ու թիմային աշխատանքում ջերմ մթնոլորտը գլխավոր խթանն են։ Մեր նպատակն է գեղեցիկ եւ գրագետ մատուցել հայկական դասական երաժշտությունը»,-ասում է նա։ Անդրադառնալով հարցին, որ դասական երաժշտությունը ողջ աշխարհում դժվար է ունկնդիր գտնում, նորաստեղծ երաժշտախմբի անդամները նշեցին, որ այս ժանրի երաժշտությունը հասանելի ու սիրելի դարձնելու համար պետք է գտնել այն ավելի ճիշտ ներկայացնելու ձևաչափ։ «Ճաշակը ձևավորվում է՝ ըստ մատուցման ծավալի։ Ինչը շատ է մատուցվում, լսարանի ճաշակն  այդ ուղղությամբ է զարգանում,-ասում է  Նարեկ Սահակյանը,- Իհարկե դժվար կլինի, քանի որ նախևառաջ մարդ պետք է ցանկություն ունենա գալ դասական համերգի: Բայց մենք այդ խնդրի լուծումն էլ ենք գտել: Մեր ներկայացումները չեն սահմանափակվի միայն ստեղծագործությունների կատարումներով,  կլինեն ժամանակակից լուծումներ՝ տեսարանների ցուցադրումներով: Հնարավոր ամեն միջոց փորձելու ենք կիրառել, որպեսզի հանդիսատեսը գա ու լսի այն ստեղծագործությունը, որը կարող է ավելի լավ ճաշակ ձևավորել թե նրանց, թե հետագա սերունդների համար»։ Երիտասարդ երաժիշտները խոստացան. քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա։ «Երևան» քառյակին հանդիսատեսը ունկնդրելու հնարավորություն կունենա ոչ միայն Երևանում։ 20170628_192542