Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին դաշնակիցների հետ «Երկիր Ծիրանի»-ն նույն սենյակում չի նստի (տեսանյութ)

Քաղաքականություն
yerkir-tsirani-nkar

Երևանի ավագանիում երկու անդամի` Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կորուստը դրականորեն է ազդել «Երկիր Ծիրանի» կուսակցության վրա. պնդում են ընդդիմադիր կուսակցության անդամները։   «Մեր խմբակցությունը ավելի է ուժեղացել, քանի որ մենք բացահայտել ենք այն մարդկանց, ովքեր դեմ են մեր գաղափարախոսությանը, ովքեր խանգարում են մեր աշխատանքին»,- ասում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից ավագանի Մարինա Խաչատրյանը։ «Երկիր Ծիրանի»-ի գրասենյակում ասուլիս հրավիրած ընդդիմադիրները կոչ են անում նախկին գործընկերներին վայր դնել ավագանիում լիազորությունները։ Զարուհի Փոստանջյանի կուսակիցները պնդում են՝ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևը հրավիրված արտահերթ նիստում չեն կատարել իրենց տրված հանձնարարարությունը՝ առաջարկել հետաձգել Երևանի փոխքաղաքապետերի ընտրությունը, նաև՝ հաստիքացուցակները հաստատելու հարցը։ Սոնա Աղեկյանն ասում է.« Նրանցից մեկը ընդհանրապես ձայն չի արտաբերել, մյուսը հնչեցրել է երկու հարց, որոնք չէին վերաբերում այդ օրվա օրակարգին, և չէին համապատասխանում երևանցու շահերին։ Դավաճանություն է այն, որ լռել են»։  Ի ցույց են դնում խմբակցության անդամների երդման տեքստը, որով պարտավորվում են հավատարիմ մնալ կուսակցության դրույթներին՝ իրենց վարքով, գործունեությամբ, կայացրած որոշումներով։ «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյանն ասում է.  «Եթե երդում են տվել, բայց իրականում այլ մոտեցում են ունեցել,   պարտավոր էին դրա մասին հայտնել։  Այդ դեպքում Մնացական Պարակշիևը չէր հայտնվի ցուցակի 2-րդ տեղումիսկ Հայկ Պետրոսյանը՝ 4-րդ տեղում, որովհետև մեր կուսակցությունում կան աշխատանքի պատրաստակամ անձինք»։ Ավելի վաղ Հայկ Պետրոսյանը հայտարարել է՝ ինքը հավատարիմ է մնացել «Երկիր Ծիրանի»-ի ծրագրին։ Պարզապես խմբակցության մյուս անդամներից տարբերվում է խնդիրների մասին բարձրաձայնելու ոճը՝ պակաս էմոցիոնալ և առավել փաստարկված։ Սոնա Աղեկյանը հակադարձում է.  «Եթե իրենք մանդատները վայր դնեն, կգան այն անձինք, ովքեր պատրաստակամ են խոսելու։ Եվ եթե խոսում են ոճից՝ ենթադրենք իրեն դուր չի գալիս մյուս գործընկերոջ ոճը, է դու քո գործելակերպով ներկայացի, քեզ ո՞վ է խանգարում»։ Ըստ օրենքի՝ «Երկիր Ծիրանի»-ից դուրս եկած ավագանիները չեն կարող առանց քաղաքական ուժի մնալ և պարտավոր են ընդգրկվել կամ ՀՀԿ-ի կամ ԵԼՔ դաշինքի խմբակցությունում։ Փոստանջյանի կուսակիցները պատրաստ չեն նախկին դաշնակիցների հետ նույն սենյակում նստել, աշխատել, եթե վերջիններս, այնուամենայնիվ, մնան խմբակցությունում։ Մարինա Խաչատրյանը խիստ որակում է տալիս. «Դա նույնն է, որ դու գնաս ազգի դավաճանի հետ նույն սեղանի շուրջ նստելու։ Այդպիսի բան անթույլատրելի է»։ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևն արդեն հայտարարել են՝ «Երկիր Ծիրանի» խմբակցությունից դուրս կգան, բայց լիազորությունը վայր չեն դնի։ Նրանք նաև չեն անդամակցի այլ կուսակցության, բայց և բաց են այլ ուժերի հետ համագործակցության համար։