Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակնկալում ենք ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը. Էդ. Նալբանդյան

Պաշտոնական
big_7524d704299a4d14d51cf60813e56c0c

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը Հարգելի՛ Ֆեդերիկա, հարգելի՛ Յոհաննես, Հարգելի՛ գործընկերներ, Անկասկած, գալիք գագաթաժողովին ընդառաջ շոշափելի արդյունքների գրանցումը կնպաստի այս շրջանակներում ապագա արդյունավետ համագործակցությանը: Վերջին երկու տարիների ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ և կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները, մասնավորապես` միացումը COSME և Հորիզոն-2020 ծրագրերին, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի, ինչպես նաև «Ստեղծագործ Եվրոպայի» շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք մտադիր ենք շուտով ավարտին հասցնել: Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում ենք աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Այս առումով ակնկալում ենք ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում: Գրեթե զուգահեռաբար քննարկեցինք և համաձայնության եկանք 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Այս երկու կարևոր փաստաթղթերը կառաջնորդեն Հայաստան-ԵՄ գործընկերությունն առաջիկա տարիներին և կօգնեն մեզ ամրապնդելու մեր փոխշահավետ համագործակցությունը: Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ մեր երկրին տրամադրված շարունակական օժանդակության համար, ներառյալ՝ Արևելյան գործընկերություն նախաձեռնության միջոցով, ուղղված Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացմանը և մեր երկրում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այս առումով ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը: Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, որ հիմնարար ազատությունները հարգվել են, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը: Այս խորհրդարանական ընտրությունները հատուկ կարևորություն ունեին Հյաստանի՝ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցում կատարելու հարցում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Հանձնաժողովին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթի լրամշակված տարբերակը մեզ տրամադրելու համար, որով ոչ միայն առաջարկվում է գործողությունների լավ ծրագիր առաջիկա տարիների համար, այլև Արևելյան գործընկերության նոր՝ վերանայված կառուցվածք, ինչն անմիջականորեն կապված է այս բազմակողմ հարթակի շրջանակներում գործընկեր երկրների կատարողականի և, ինչն առավել կարևոր է, ընդհանուր պարտավորությունները կյանքի կոչելու քաղաքական կամքի հետ: Մենք նաև վստահ ենք, որ տարբերակման սկզբունքը բացառիկ հնարավորություն է ընձեռում այդ շրջանակներում զարգացնելու բազմաոլորտ և բազմաշերտ համագործակցություն՝ դրանով իսկ մեզ թույլ տալով պահպանել գործընկերության ամբողջականությունը: Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերության շրջանակներում մեր համատեղ ջանքերին, ինչպես գալիք գագաթաժողովի, այնպես էլ մեր հետագա համագործակցության համատեքստում։ Շնորհակալություն: