Հայաստանը՝ ԵՄ-ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մեջտեղում (տեսանյութ)

Ռազմաքաղաքական դաշնակիցներ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն իրարից հեռանո՞ւմ են, թե՞ այդ կանխատեսումներն իրական հիմք չունեն։ Մեկ շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը կոշտ ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ այս հարցը դարձնելով քննարկումների թոփ թեմա։

 «Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ԱՄՆ նախագահը չի հիշատակում հոդված 5-ը՝ կոլեկտիվ անվտանգության և պաշտպանության առանցքային դրույթը։ Ոչ պակաս բուռն քննարկումների առարկա դարձավ Անգելա Մերկելի արձագանքը, որ կարծես ավարտվել է այն դարաշրջանը, որ մենք կարող էինք այլոց վրա հույս դնել»,- ՄԱՀՀԻ քննարկմանն ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Դոնադ Թրամփը նաև քննադատում է եվրոպական այն երկրներին, ովքեր չեն կատարում ՆԱՏՕ-ի նկատմամբ ֆինանսական պարտավորությունները։ Բայց զուտ քննադատություն հնչեցնելը դաշնակիցների բաժանման պատճառ չէ։ Դա հենց ԱՄՆ-ի քայլերն են ապացուցում։ Դիվանագետ Մարթա Այվազյանն ասում է.

 «Չմոռանանք, որ ԱՄՆ-ն 40%-ով ավելացրին Եվրոպայում իրենց զինուժի ֆինանսավորումը։ Արդյո՞ք սա հակասության մեջ չի մտնում նրա հետ, որ Միացյալ նահանգները չեն ուզում պատասխանատվություն կրել»։

ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանն ասում է. «Տարաձայնությունների առկայությունը չի խոսում  խորքային, շատ լուրջ, պարադիգմատիկ խնդիրների մասին»։

Եվրոպա-ԱՄՆ թվացյալ հակասություններից փորձեց օգտվել Ռուսաստանը։ Ֆրանսիա այցով Պուտինը հույս ուներ օգտվել ճեղքումից՝ հասնելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը։ Բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատասխանը տպավորիչ էր։

 «Մակրոնը շատ կոշտ և չոր հայտարարություններ էր անում մասնավորապես Ռուսաստանի մասով, և դրանից հետո Պուտինը դժգոհ էր արտահայտվում այդ հանդիպումից Ֆրանսիայի մասով, որովհետև համարում էր, որ իրենք չեն կարողանում երկխոսության մեջ մտնել»,- ասում է պարոն Մելիքյանը։

Իսկ ինչպե՞ս կազդի ԱՄՆ-Եվրոպա կնճռոտ հարաբերությունը Արցախի հարցի կարգավորման գործընթացի վրա։ Արդյո՞ք Արևմուտքը որպես միասնական դերակատար կդադարի լինել լուրջ գործոն։

Գևորգ Մելիքյանը մեկնաբանում է. «Արցախի հարցում հիմնական դերակատարությունը Ռուսաստանի ձեռքում է։ Եվրամիությունն ու Միացյալ նահանգները ունենալով իրենց շահերը շարունակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը համարել օպտիմալ և Ռուսաստանի հետ առաջարկություններով հանդես գալ։ Չեմ կարծում, որ այստեղ բաժանում կլինի»։

Փորձագետի խոսքով՝ ինչպիսին էլ լինեն աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի գերտերությունների հետ։ Ոչ թե սպասելով, թե իրեն ինչ լուծում կպարտադրվի, այլ հանդես գալ սեփական առաջարկություններով։