Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակութային զբոսաշրջիկների հոսք՝ դեպի Հայաստան (տեսանյութ)

Մշակույթ
Sona

Հունիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ երաժշտասերը կվայելի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսին։ Վիրտուոզ տեխնիկա և ներքին խորություն ունեցող այս գերհզոր երաժշտի մենահամերգ կազմակերպելը, ում ելույթները տարվա կտրվածքով  40 համերգից չեն անցնում, համերգի կազմակերպիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը անասելի հաջողություն է համարում։ Հաջորդ իրադարձային համերգը սպասվում է հունիսի 15-ին։ Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ նվագախմբի ելույթն է Ֆեդոսեևի ղեկավարությամբ։ Ծրագրում ընդգրկել են Չայկովսկի և Արամ Խաչատրյան։ Ստեղծագործական հանդիպումներ կլինեն Բյուրականի արվեստի ակադեմիայում։ Աշնանը ևս սպասվում են փայլուն համերգներ, մասնավորապես հոկտեմբերի 7-ին օպերային բեմի համաշխարհային աստղ Ռենե Ֆլեմինգի ելույթը, ինչը, Սոնա Հովհաննիսյանի խոսքով, մեծ թվով մշակութային զբոսաշրջիկներ հոսք կարող է բերել Հայաստան, եթե ՓԻԱՌ-ը ճիշտ կազմակերպվի։ «Երևանյան հեռանկարների» տարին կեզրափակվի Եվգենի Կիսինի մենահամերգով։ «Երևանյան հեռանկարներ» փառատոնն այսօր առաջատար դիրքեր է զբաղեցնում ոչ միայն տարածաշրջանում, այլև եվրոպական հարյուրամյա պատմություն ունեցող փառատոնների կողքին։ Մայիսի սկզբին  Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղի էր  ունեցել եվրոպական փառատոնային ասոցիացիայի վեհաժողովը և արվեստների փառատոների համաժողովը, որին Հայաստանը ներկայացրել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նա ընտրվել էր 250 մասնակիցներից 25-ի շարքում, ում վստահվել է «Քննարկումների»  նստաշրջանի վարումը, իսկ գագաթաժողովի ընթացքում փառատոնի մասին հինգ րոպեանոց ֆիլմի ցուցադրումը առաջացրել էր սենսացիոն արձագանք։ Եվգենի Կիսինն  ասում է, որ «Երևանյան հեռանկարների» գործունեությունը տեսնելով հավատում է, որ Հայաստանի նախկին երաժշտարվեստի փառքին ենք առնչվում, և հավատում, որ սկսվել է երկրի վերածնունդը։ Իսկ շվեյցարացի թավջութակահար Իվան Մոնեգետիի խոսքով հենց Հայաստանն է լինելու դասական երաժշտության վերածննդի հայրենիքը աշխարհի համար։