Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քիչ հավանական է, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Կարեն Կարապետյանն է (տեսանյութ)

Քաղաքականություն
32a4ac99a61ff51e9e425c959288d7bf

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանը բացասական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը, նա ինքնուրույն չի կառավարում. «Մեր տնտեսության խնդիրները լուծվում են Մոսկվայում, առավելապես էս վարչապետի պարագայում»: Նոր կառավարությունը ոչինչ չի փոխելու Հայաստանում, կոռուպցիայի ոլորտում էլ, ըստ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի, իրավիճակն ավելի է վատանալու. «Եթե գործող իշխանությունը քվեով է գնում իր պաշտոնը, փողով է գնում իր պաշտոնը, դատավորն էլ փողով գնում է արդարադատությունը, հարկայինը փողով փոխում է հոդվածը ու էսպես շարունակ»: Հիշեցնենք, որ երեկ Հանրապետական կուսակցության գործադիր նիստում որոշվել է չփոխել Կարեն Կարապետյանի կառավարության կազմը բացառությամբ արդարադատության նախարարի։ «Կուսակցությունը որոշել է հնարավորություն տալ առանց էական փոփոխությունների կառավարության այս կազմին Կարեն Կարապետյանի գլխավորությամբ»,- ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այնուամենայնիվ, պարոն Սարգսյանի կարծիքով, վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրապետականի համար օտար մարդ է եւ որեւէ կերպ չի մերվում կուսակցության հետ. «Մարդկանց, ում ինքը բերում է, որպես իր թիմ, թե Հանրապետական կուսակցությանը, թե հայ հանրությանն անծանոթ մարդիկ են, ոչինչ չասող, երբեք տեսակետ չասած, որեւէ գործընթացի վերաբերյալ վերաբերմունք չունեցող»: Պատգամավորը դժվարանում է ասել՝ այսօր կա՞ հակասություն Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, որը հաջորդ տարի թողնելու է նախագահի պաշտոնը. «Մեկ տարվա էս գործընթացների մեջ եթե Սերժ Սարգսյանը որոշի իր իրավահաջորդն ունենալ, քիչ հավանական եմ համարում, որ էդ իրավահաջորդը լինի Կարեն Կարապետյանը»: Երեկ Հանրապետականի խոսնակն ըստ էության անարձագանք էր թողել հաջորդ տարի Կարեն Կարապետյանի մնալու հնարավորության մասին հարցը. «Թե ինչ կլինի 18 թվականից հետո, ապրիլից հետոմ կապրենք, կտեսնենք»: Խորհրդարանում Սերժ Սարգսյանի ելույթից պարոն Սարգսյանը հասկացել է, որ այդ մարդը պատրաստվում է շատ երկար մնալ իշխանության ղեկին՝ մեկ տարի հետո հեռացողը մինչեւ 2040 թվականի պլաններից չէր խոսի: