Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը խաղի կոշտ կանոններ է մտցնում (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-1

Կառավարության նիստն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ավանդույթի համաձայն սկսեց հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին. «Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 միլիարդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ: Չնայած, որ որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր էր  կիրառել նաև սնանկության վարույթի այլընտրանքային միջոց: Սնանկության կառավարիչների գործունեության  արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար»: Վարչապետի կարծիքով՝ խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված: Այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետը հանձնարարեց  ՊԵԿ նախագահին 2 ամիսների ընթացքում ուսումնասիրել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն, միաժամանակ ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ-ի գործիքակազմ: Երկրորդ կետով նա հանձնարարեց այս առաջարկները ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:  Վարչապետի հանձնարարականով՝ նաեւ  փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն «Սնանկության» մասին օրենքում: Կուսումնասիրվի նաեւ  ԴԱՀԿ-ի կողմից հարկային վարույթի տևողության և այլ գործնական օրենսդրական խոչընդոտները ու  դրանց վերացման ուղղությամբ առաջարկներ կներկայացվի Կառավարության աշխատակազմ. «Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»: