Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոլիկի մշակում, ձկնաբուծություն. ծրագրեր՝ իրանական կողմի հետ

Տնտեսություն
iran

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը:  Վարչապետը կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ դրան կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կխթանեն նաև առևտրաշրջանառության ծավալաների աճին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում իրանական կապիտալի ներգրավումը ևս նոր թափ կհաղորդի  երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ մեր երկրում գործունեություն ծավալելու նպատակով: Վարչապետը վստահություն է հայտնել, որ դա թույլ կտա իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև GSP+ համակարգով եվրոպական շուկա: Մահմուդ Հոջարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ վարչապետին է փոխանցել Էսհաղ Ջահանգիրիի ողջույններն ու բարեմաղթանքները: Իրանի գյուղատնտեսության նախարարը կարևորել է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացումը և նշել, որ բարեկամական ու մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեցող երկու երկրների տնտեսական հնարավորությունները պետք է միմյանց փոխլրացնեն՝ նոր թափ հաղորդելով առևտրաշրջանառության աճին: Պարոն Հոջարին գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ հանդիպումների արդյունքներից:    Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում արտադրանքի որակի գնահատման իրանական գրասենյակ, արտահանման և ներմուծման ընկերություն  հիմնելուն, ձկնաբուծության ոլորտում ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ում լոլիկի վերամշակման համատեղ գործարան ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր: