Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապահ մարմինները ցուցաբերել են համատարած անգործություն. ԵԼՔ-ի հայտարարությունը

Քաղաքականություն
elq-6

ԵԼՔ դաշինքի հայտարարությունը 2017թ. մայիսի 14-ի՝ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ԵԼՔ դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը.

  1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:
  2. Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված եւ կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ ԵԼՔ դաշինքին հաջողվել է ձեռքբերել անառարկելի ապացույցներ: Այս ապօրինի երեւույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչը արձանագրվել է ԵԼՔ դաշինքի վստահված անձանց կողմից:
  3. ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը, ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը. ԵԼՔ դաշինքին հաջողվել է ձեռքբերել եւ հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում Ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ: Քվեարկության օրը Ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ, ըստ էության խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը:
  4. Ընտրակաշառքների բաժանման եւ ստացման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ եւ այդ երեւույթի նկատմամբ ձեւավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:
  5. ԵԼՔ դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով եւ գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը եւ ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:
  6. ԵԼՔ դաշինքը արձանագրում է, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր եւ կայուն հենարան եւ Երեւանի ավագանիում ԵԼՔ խմբակցությունը իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երեւանցիների պատվիրակը եւ Երեւանի ավագանիում հանդես է գալու նրանց անունից:
  7. ԵԼՔ դաշինքը ԱԺ-ում Երեւանի ավագանիում իր գործունեության ընթացքում եւ ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների Երեւանի ավագանու ընտրություններում տեղ գտած ապօրինի երեւույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետեւողական եւ սկզբունքային պայքար է մղելու այդ երեւույթների դեմ:
  8. ԵԼՔ դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը եւ ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:
ԵԼՔ դաշինք 15.05.2017