ՀԴԿ-ն դիմում է կառավարությանն ու պահանջում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Վերջին օրերին հայկական շուկայում ադրբեջանական խնձորի «առեղծվածային» հայտնությունը և այդ առիթով պատկան մարմինների իրարամերժ ու անհեթեթ «պարզաբանումները» հարուցել են հասարակության վրդովմունքը և խուճապային տրամադրություններ: ՊԵԿ-ի հայտարարությունից պարզվում է, որ խնձորի մաքսանենգության փաստ արձանագրված չէ և, որ անգամ 50 կգ խնձորի և այլ տեսակի պտուղ-բանջարեղենի ներկրումը իրականացվում է խիստ հսկողությամբ: Իր հերթին Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտարարում է, որ ադրբեջանական խնձորի վաճառքն իրականացվել է մայրաքաղաքի և մարզերի տասնյակ (գուցե և հարյուրավոր) վաճառակետերում: Շեշտվում է, որ ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման խնձոր չի ներկրվել: Փաստորեն, պետական պատկան մարմինները իրենցից հեռացնելով պատասխանատվությունը, ոչ միայն ի ցույց են դնում իրենց անտեղյակությունն ու անճարությունը ներկրվող ապրանքների ծագման վերաբերյալ, այլև իրենց գործողություններով փաստացի հաստատում են սպառողի առողջության կամ կյանքի համար տվյալ ապրանքի վտանգավորությունը: Դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցադրումներին.
- Ո՞վ և ի՞նչ ճանապարհով է ներկրել ադրբեջանական խնձորի նման մեծ խմբաքանակ:
- Ո՞ր լաբորատորիաներում է ստուգվել այդ ապրանքի որակը: Եթե նման ստուգում չի եղել, ապա ու՞մ հրամանով և ինչու՞ է ոչնչացվում վաճառակետերում առկա խնձորը:
- Ինչու՞ մեծաքանակ ներկրողին պատժելու փոխարեն, նյութական վնաս է հասցվում մանրածախ առևտրի կետերին և ո՞վ է փոխհատուցելու այդ վնասը:
- Ինչու՞ մինչև օրս արգելված չէ թշնամի երկրի ցանկացած տեսակի ապրանքի ներկրումը: Անհնար է պատկերացնել, որ Ադրբեջանում թույլ տրվի վաճառել որևէ ապրանք՝ Product of Armenia մակնշմամբ:
- Ինչու՞ նշված փաստով դեռևս հարուցված չէ քրեական գործ, որով կբացահայտվի երևույթի ամբողջական պատկերը և պատասխանատվության կենթարկվեն բոլոր մեղավորները, առավել ևս, որ հայտարարություններից բխում է, որ խնձորի խմբաքանակը չի հարկվել և, փաստացի, հայտնաբերվել է պատահաբար՝ շարքային սպառողի կողմից: