Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունը կհնչի Կասկադում

Մշակույթ
qyosayan

Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունը կհնչի Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին: Ապրիլի 30-ին Կասկադ համալիրի տարածքում տեղի կունենա բացօթյա համերգ, որին հանդես կգա նաև Քյոսայանի հայաստանյան քառյակը: «Ես ելույթ եմ ունենալու այդ միջոցառմանն Hammond B3 երգեհոնով, որը բերել եմ ինձ հետ ԱՄՆ-ից: Առաջին անգամ պետք է հնչի ստեղծագործություն, որը գրել եմ վերջերս` հատուկ նվիրված Ջազի օրվան: Այն կոչվում է Day of my dream («Իմ երազելու օրը»): Բավականին հետաքրքիր ստեղծագործություն է»,-մեզ հետ զրույցում նշեց Գարի Քյոսայանը: Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներկայացվեն Գարի Քյոսայանի սիրված և հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև ամերիկյան և այլ ազգի հայտնի ջազ կոմպոզիտորների գործեր:  Քյոսայանի հայաստանյան քառյակի կազմում բացի նրանից հանդես են գալիս Ալլա Սահակյանը (վոկալ), Մարատ Հակոբյանը (սաքսոֆոն), Արթուր Նազարյանը (բաս կիթառ),Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ): Գարի Քյոսայանը շեշտում է, որ իր համար գերագույն հաճույք է նվագելը ոչ միայն աշխարհահռչակ ամերիկյան ջազմենների, այլև հայ երիտասարդության հետ, ինչը պակաս ոգևորիչ չէ: Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: