Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոստումը» ֆիլմի տոմսերը 90 տոկոսով սպառվել են

Հասարակություն
xostum

Երեւանի կինոթատրոններում այսօրվանից սկսվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը։ Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «Սինեմասթար» կինոթատրոնի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանը, արդեն առավոտյան 10.30-ի ցուցադրության տոմսերը գրեթե 60 տոկոսով սպառված են եղել։ Իսկ երեկոյան սեանսների տոմսերը սպառված են ավելի քան 90 տոկոսով։ Ընդ որում՝ հետաքրքրությունը հավասարաչափ մեծ է թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն, թե՛ անգլերեն ցուցադրությունների նկատմամբ։ «Նման հետաքրքրություն սովորաբար առաջացնում են հոլիվուդյան ֆիլմերը, սակայն աննախադեպ է, որ հանդիսատեսի նման հոսքը սկսվում է վաղ առավոտից։ Սովորաբար հանդիսատեսը երեկոյան ժամերին է առավել շատ հաճախում կինոթատրոն»։ «Մոսկվա» կինոթատրոնի տեղեկատվության բաժնից եւս տեղեկացրին, որ ֆիլմի այսօրվա ցուցադրության բոլոր ժամերի ցուցադրությունների տոմսերը գրեթե սպառված են։  «Մենք կարծում էինք, որ անգլերեն ցուցադրության նկատմամբ հետաքրքրությունը կարող է ավելի քիչ լինել, սակայն այդ ցուցադրության նկատմամբ եւս հետաքրքրությունը բավական մեծ է»։ ​«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 21-ին։ Ռուսաստանում նույնպես ֆիլմի ցուցադրությունը կսկսվի ապրիլի 27-ին։