Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնիում ջրի հարցը չի լուծվում. նամակ՝ նախարարին

Հասարակություն
vorogman-jrancqi-pat-u13909-1

Գառնիի բնակիչները նամակ են  ուղղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Աշոտ Մանուկյանին: Մենք` գառնեցիներս, պնդում ենք, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի փոփոխված տարբերակը չի լուծում խնդիրները և առաջարկում են այլընտրանքային տարբերակ: ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները նամակ են ուղղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին:  Գառնեցիների նամակում ասված է. «Գառնի համայնքը 2014թ-ից պայքարեց «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի դեմ, քանի որ Գառնի գյուղը մնալու էր առանց ջրի: Ըստ ծրագրի` «Արարատի մարզի «Արտաշատ» ՋՕԸ-ի ենթակայության տակ գտնվող 12 համայնքներում ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում նույն քանակի ոռոգման ջրով փաստացի ոռոգվող 854 հա հողատարածքների հետ միասին հնարավոր կդառնա ոռոգել ևս 378հա նոր հողատարածքներ»: Ծրագրի մյուս գլխավոր արդյունքը պետք է լինի էլեկտրաէներգիայի խնայողությունը: «Ծրագրի հիմնական նպատակն է 12 համայնքների ոռոգման ջրի մատակարարումը մեխանիկականից ինքնահոսով փոխարինելու միջոցով տարեկան խնայել շուրջ 460 մլն դրամ (էլեկտրաէներգիայի խնայողությունը կկազմի 436 մլն դրամ, իսկ պոմպակայանի շահագործման և պահպանման ծախսերը կկազմեն 24 մլն դրամ): Սա նվազեցնում է գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը հողատերերի և համայնքների համար: Գումարային տեսակետից այս խնայողություններն ավելի մեծ են, քան ծրագրի արժեքը»: Գառնի համայնքի բողոքի արդյունքում և ՀՀ կառավարության հետ բանակցություններից հետո Համաշխարհային բանկը և Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը (ԾԻԳ), որոնք ծրագրի ֆինանսավորման և կառավարման օղակներն են, կանգնեցրեցին այս ծրագիրը շուրջ մեկ տարի: Ապա հաստատվեց ծրագրի փոփոխված տարբերակը, որը, ըստ ԾԻԳ-ի ներկայացուցիչների, փոխզիջումային տարբերակ է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում գառնեցիները նշել են. «…Եթե այդ ջուրն էլ վերցնեն, ապա ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն մեր ցանքատարածությունները և մի հսկա տարածաշրջան, որի գեղեցկությունը մշտապես դյութել է զբոսաշրջիկներին: …Ազատ գետը եզրագծում է Խոսրովի անտառ պետական արգելոցը: Եթե Քաղցրաշենի ծրագիրն իրականացվի, և ամռան տապին գետը ցամաքի, ապա դա ոչ միայն բացասական ազդեցություն կունենա Գառնիի կիրճի, այլև հենց Խոսրովի արգելոցի էկոհամակարգի վրա: …8.000 բնակչություն ունեցող Գառնի գյուղն ունի խմելու և ոռոգման ջրի խիստ կարիք, 700-800 հա տարածություն ամայացել է ոռոգման ջրի պակասի պատճառով: Ինչո՞ւ պետք է հսկայական գումարներ ծախսվեն 387 հա լրացուցիչ հողի ոռոգման համար, երբ Գառնիի մոտ հազար հեկտար հողատարածքը մնում է առանց ջուր: …Գետը խիստ սակավաջուր է դարձել, և հորդացումներ չեն դիտվում, Ազատի ջրամբարը լիարժեք չի լցվում և չի բավարարում այդ ջրամբարից օգտվող համայնքների ոռոգման ջրի կարիքը: Գառնիի բնակչությունը խիստ դեմ է այս հակաբնապահպանական ծրագրի իրականացմանը և պատրաստ է ամեն գնով պայքարել՝ փրկելու Գառնիի բնաշխարհը ԵՂԵՌՆԻՑ: Պահանջում ենք արգելել այս կործանարար ծրագրի իրականացումը»: «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի փոփոխությունները չեն բավարարում ոչ ծրագրի նպատակներին, ոչ բնակիչների պահանջներին:           Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանի նամակին ի պատասխան Ջրային տնտեսության պետական կոմիտեն նամակով տեղեկացրել է. «Մինչ այժմ իրականացված բոլոր աշխատանքները կատարվում են քննարկված և հաստատված հիմնական մայր նախագծի շրջանակներում, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցել է պետական բնապահպանական փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն (ԲՓ 23.01.2015): ….Փոփոխությունները վերաբերում են միայն նախագծի 1-ին լոտին, որը հիմնական նախագծով մասամբ առնչվում էր Գառնիի կիրճին»: Ծրագիրը չի համապատասանում առաջադրված նպատակներին, քանի որ ինքնահոսի փոխարեն նախատեսում է էլեկտրաէներգիայի օգտագործում: «Ջրընդունիչը կիրականացվի մագիստրալ խողովակաշարի ՊԿ52+00 մոտակայքում` օգտագործելով գոյություն ունեցող Հացավանի պոմպակայանը»,- նշված է ծրագրում: Ծրագիրը շրջանցում է Ազատի ջրամբարը, որն ապահովում է ինքնահոս եղանակով ոռոգում Արարատի համայնքների համար, իսկ ծրագրի իրականացման դեպքում Ազատի ջրամբարը չի ստանա բավարար ջուր Ազատ գետից: Ծրագրում ճշգրիտ հաշվարկների բացակայությամբ հիմնավորված չէ ակնկալվող արդյունքը   հողատերերի և համայնքների համար գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի նվազեցման վերաբերյալ: Ծրագրի արդյունքների ապահովման համար մենք առաջարկում ենք և պատրաստ ենք քննարկել այլընտրանքային տարբերակ` ճիշտ օգտագործել Ազատի ջրամբարի ջուրը ոռոգման համար, կառուցել արևային էլեկտրակայան, որը կապահովի մատչելի էլեկտրաէներգիա պոմպակայանն աշխատեցնելու և լրացուցիչ հողատարածքներ ջուր մղելու համար»:   Հարգանքով` «S.O.S. Գառնի» նախաձեռնող խումբ 25.04.2017թ.