Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսքան հայ ես ինձ դեռ չէի զգացել». բեմում Համահայկական նվագախումբն է (տեսանյութ)

Մշակույթ
Untitled6

Համահայկական նվագախմբի վերջին փորձերն են՝  հանդիսավոր համերգից առաջ: 90 պրոֆեսիոնալ հայ երաժիշտ, որոնցից շուրջ 70-ը` աշխարհի 20 երկրներից: Նրանցից ոմանք առաջին անգամ են պատմական հայրենիքում, ոմանք էլ ծնվել են Հայաստանում, անգամ ուսում ստացել այստեղ, հետո մեկնել երկրից ու հաստատվել այլ երկրներում: Աշխատում են աշխարհահռչակ թատրոններում, նվագախմբերում: «Անչափ ոգևորություն եմ ապրում: Այսքան հայ ես ինձ դեռ չէի զգացել»,- ասում է ռուսաստանաբնակ ալտահար Կարինե Վարդանյանը: Վառնայում ծնված, այժմ Բոստոնում բնակվող պերկուսիոնահար Սյուզի Զաքարյանի խոսքով` այսքան հայկական երաժշտություն երբևէ չի նվագել ու այսքան հայ մեկտեղ չի տեսել։  «Ֆանտաստիկ նախագիծ է: Առաջին իսկ օրը համախմբեց տարբեր երկրներից եկած երաժիշտների»,- ասում է ջութակների կոնցերտմայստեր Արմեն Մովսիսյանը։ «Եկել ենք աշխարհին ցույց տալու, որ թեկուզ աշխարհով ցաքուցրիվ եղած, բայց միասնական ենք»: Որոշել ենք հայերով հարվածային գործիքների խումբ ստեղծել՝ ասում է պերկուսիոնիստ Հայկ Շիրինյանը, և ինչու ոչ, հաջորդ տարի գալ Հայաստան համերգների։ Այսօր Տիգրան Մանսուրյանը հանդիսատեսի դատին կհանձնի հատուկ այս առիթով պատվիրված «Պոեմ հաղթանակի» երկը, որը երաժիշտների կողմից արդեն իսկ բարձր գնահատականի է արժանացել։