Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը շփոթված էր. ՄԻՊ զեկույցը (տեսանյութ)

Քաղաքականություն
mip1

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր փորձեց սրբագրել մի քանի օր առաջվա իր այն միտքը, թե ժողովուրդը ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղ էր գնում ոչ խաղաղ նպատակներով: Պարոն Թաթոյանն ասում է, որ Սարի թաղ գնացող երթը ոստիկաններին պարտավոր էր նախապես տեղյակ պահել երթուղու մասին. «Հավաքի սկզբում երբ Ազատության հրապարակից սկսում է հուլիս 20-ին, հայտարարություն է արվում՝ այս, այս, այս փողոցներով, մնացածը հետո կիմանաք: Սարի թաղը չի հնչում: Ակնհայտ է, որ երբ Սարի թաղ թեքվեցին, ոստիկանները նույնպես պատրաստ չէին։ Այս պայմաններում խնդրահարույց էր, այո, երթը Սարի թաղ ուղեկցելը, հիմա էլ եմ ասում»: Արման Թաթոյանն այսօր արտահերթ զեկույց էր ներկայացնում ՊՊԾ գնդի գրավման օրերին ոստիկանների բռնի գործողությունների մասին եւ պնդում, որ դրանք եղել են անհամարժեք կոշտ: Հարյուրավոր ոստիկաններ են ներգրավված եղել քաղաքացիներին բերման ենթարկելու, նրանց հանդեպ բռնություն գործադրելու կամ ձերբակալելու համար՝ ու՞ր են ոստիկանների գործողությունների առթիվ հարուցված քրեական գործերը. «Ոստիկանության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, ըստ մեզ ներկայացված պարզաբանումների, 22 ոստիկանության ծառայող, որից 9 նկատողության, 4-ը խիստ նկատողության, 4 ծառայող ազատվել է զբաղեցված պաշտոնից, իսկ 5-ի լիազորությունները դադարեցվել են»: Պաշտպանը զեկույցում ակնարկում է, որ ոստիկանության գազանությունները Սարի թաղում հետեւանք են հենց Սարի թաղ չնախատեսված երթի. «Ոստիկանությունն էլ ակնհայտ աննախադեպ իրավիճակում էր եւ կարելի է ասել նաեւ շփոթված այդ առումով»: Ի դեպ, պաշտպանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ինչու են ձերբակալվել ոստիկանների հանդեպ բռնություն գործադրած քաղաքացիները եւ փոխարենը քաղաքացիների հանդեպ բռնություն գործադրած ոչ մի ոստիկան ձերբակալված չէ: Մարդու իրավունքների պաշտպանի Արտահերթ հրապարակային զեկույցը 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ՝ այստեղ