Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին

Քաղաքականություն
dat

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Միքայել Արամյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պատասխանատվության ենթարկելու դատախազ Պետրոս Պետրոսյանին:  04.04.2017 թ  Վերաքննիչ  քրեական դատարանում շարունակվել է   Արայիկ Խանդոյանի պաշտպանների կողմից  բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Արայիկ Խանդոյանի հեռախոսային խոսակցությունների ու տեսակցությունների արգելքի դեմ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի   քննության ժամանակ  Արայիկ Խանդոյանը, տեսնելով, որ նիստը դռնփակ է անցկացվում, բորբոքվել է և  ագրեսիվ պահվածք դրսևորել: Արայիկ Խանդոյանը՝ դիմելով դատախազին ու քննչական խմբի ղեկավարին, հայտարարել  է  որ  «Ես չեմ ուզում ձեզ տեսնել, քանի որ դուք եք սպանել իմ եղբորը՝ Հաց բերողին»:  Դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան  սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել Արայիկ Խանդոյանի մոր հասցեին: Այդ պահին  նիստերի դահլիճում ներկա  էին, նախագահող դատավորը, նիստերի քարտուղարը, Արայիկ Խանդոյանը, Արայիկ Պապիկյանը,  Արա Ղարագյոզյանը եւ այլ անձիք: Որքան էլ սխալ ձևով իրեն դրսեւորեր Արայիկ Խանդոյանը, դատախազը պարտավոր է զսպվածություն ցուցաբերեր, այլ ոչ թե դառնար իրավախախտ:Նման դատախազը չպետք է տեղ ունենա դատախազության համակարգում: Ըստ հաղորդման՝  դատախազը անհարգալից վերաբերմունք է դրսևորել  ինչպես դատարանի,  այնպես էլ դատավարության մասնակիցների նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով  Արայիկ Խանդոյանի  մոր հասցեին:  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն  Գլխավոր դատախազից խնդրել է ներկայացված հաղորդումը հանցագործության մասին չուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քանի որ նրանք Արայիկ Խանդոյանի նկատմամբ իրականացնում են քրեական հետապնդում եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  օբյեկտիվ բազմակողմանի եւ լրիվ քննության չի կարող իրականացնել: