Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ և ադրբեջանցի հոգևոր առաջնորդների հանդիպման անտեսանելի կողմերը    (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
glxavor-nkar-1

Արդեն վեցերորդ անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայիս հոգևոր առաջնորդները կհանդիպեն։ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի  և Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը Մոսկվայում է նախատեսվում՝ Համայն Ռուսիո պատրիարքի  նախաձեռնությամբ։  «Ինձ թվում է՝ այս հանդիպումը ռուսներին է պետք, այն տեսանկյունից, որ իրենք կարող են երկուսին էլ նստեցնել և բաժանել»,- մեկնաբանում է Լևոն Շիրինյանը։  Հանդիպման հիմնական  թեման Արցախի հարցն է լինելու։ Այդպիսի մի հանդիպում էլ 2010 թվականի ապրիլի 26-ին Բաքվում է եղել։ Կրոնապետերի համաշխարհային գագաթաժողովից հետո Գարեգին Երկրորդը հանդիպեց Իլհամ Ալիևին, իսկ դրան նախորդել էր Ադրբեջանի և Ռուսաստանի կրոնապետերի հետ զրույց Արցախի թեմայով։ Հանդիպումից հետո Գարեգին Երկրորդը Բաքվում այսպիսի խոսք էր ուղղել. «Խաղաղությունն է մեր ուղին, մեր ճանապարհը։ Պատերազմը ոչ միայն չարիք է մարդկության համար, այլ նաև չարիք է Աստծու առջև»։  Աշխարհում հոգևոր առաջնորդները հաճախ են փորձում հեղինակությամբ  նպաստել հակամարտությունների կարգավորմանը։ Հռոմի Պապն ամեն առիթ օգտագործում է Սիրիայում պատերազմը  դադարեցնելու կոչեր անելու համար։ Լևոն Շիրինյանն ասում է. «Քաղաքականության մեջ այս տարածքում եկեղեցու դերը որևէ տեղ չունի, Արցախի հարցի մասին է խոսքը։ Հակառակը, կա ներքին խնդիր ժողովրդի ոգին բարձրացնել, պետությունը կազմակերպել»։  Հայ եկեղեցու մասնակցությունը քաղաքական գործընթացներին քաղաքագետին զարմացնում է։ Այդ մասնակցությունը ողջունելի էր լոկ այն ժամանակաշրջանի համար, երբ հայերը չունեին անկախ պետություն։ Լևոն Շիրինյանն ասում է.  «Երբ որ հիմա պետությունը կա, Կաթողիկոսի ի՞նչ գործն է։ Հայոց Հայրապետը լավ կլինի սեփական ժողովրդի խնդիրներով զբաղվի, որով  ընդհանրապես չի զբաղվում, եղած անօրինականություն, բռնության մթնոլորտ, դատարաններ, դատախազություն, ասում է՝ եկեղեցին գործ չունի։ Բա էդտեղ ի՞նչ գործ ունի»։  Լինի հոգևոր առաջնորդների հանդիպում, թե նախագահների մակարդակով բանակցությունների վերսկսում, Արցախի հարցը մոտ ապագայում լուծման չի գնում։ Այլ հարց է, որ ցանկացած հանդիպում ադրբեջանցիների ու հայերի միջև, կոնկրետ նպատակի ծառայում է։  Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է. «Նույնիսկ եթե դու լավ գիտես, որ հակառակ կողմը պատրաստվում է յուրաքանչյուր պահ վերսկսել ռազմական գործողությունները, իմաստ ունի այն առումով, որ եթե հանդիպումներ չլինեն ռազմական տարբեր մակարդակի էսկալացիա՝ սկսած սահմանում դիվերսիայից և վերջացրած լայնամասշտաբ պատերազմով, դրա հավանականությունը պարզապես մեծանում է»։  Ադրբեջանի ու Հայաստանի կրոնապետերը կհանդիպեն նախագահների թույլտվությամբ։