Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես վստահում եմ մեր Սահմանադրական դատարանին. Արամ Մանուկյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan

Ապրիլի 14-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կներկայացնի ՍԴ՝ անվավեր ճանաչելու ԱԺ ընտրությունների արդյունքները: «Դուք կասկածո՞ւմ եք Գագիկ Հարությունյանի անաչառության վրա: Ես չեմ կասկածում, երբեք էլ չեմ կասկածել: Վստահ եմ, որ ՍԴ-ն արդար վճիռ կկայացնի՝ հիմքեր ունեմ: Վերջին հաշվով այդ մարդը մեր պատմության մեջ միակ ընտրված փոխնախագահն է՝ առաջին, վերջին եւ միակ: Այնպես, որ ես վստահում եմ մեր ՍԴ-ին ու ակնկալում եմ արդարացի՝ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հեգնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Խախտումների վերաբերյալ դաշինքն ունի հազարավոր փաստեր: Թեեւ չեն հավատում, որ ՍԴ-ն անաչառ որոշում կկայացնի, սակայն դաշինքն իրեն պարտավորված է զգում դիմել այս ատյանին. «Չի եղել դեպք, երբ կեղծված լինեն ընտրական արդյունքները եւ մենք բողոքած չլինենք ՍԴ-ում: Դա ոչ միայն մեզ է պետք, դա պատմությանն է պետք, դա սերնդին է պետք, դա եկող քաղաքական ու քաղաքացիական ուժերին է պետք»: Ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին, ընտրություն չէր, այլ իշխանության հաղթանակն է սեփական ժողովրդի նկատմամբ.: «Սեփական ժողովրդին ոչնչացնելու հրավառություն էր սա, տոնակատարություն էր, եւ իշխանությունները կարող են պարծենալ, որ ՀՀ քաղաքացուն իրենք ոչնչացրել են: Սա քաղաքացու քվեի նկատմամբ ցեղասպանություն էր, ոչնչացրին ընտրական համակարգ կոչվածը, սա առեւտուր էր՝ իշխանությունը գնաց, առավ իր բաժին իշխանությունը: Ու այստեղ քաղաքական ընտրության մասին խոսելն ուղղակի անիմաստ է»: Ի տարբերություն նախորդ բոլոր համապետական ընտրությունների, այս անգամ հետընտրական որեւէ գործընթաց տեղի չունեցավ, անգամ՝ հաղթած ընդդիմությունն ընդունեց ընտրությունների արդյունքները. «Իր միջից քաղաքացուն հանել են, ողնաշարը, որ կազմում է մարդու, քաղաքացու առանցքը, այդ ողնաշարը չկա, հանել են, ոչնչացրել են ու այդ անփուշ քաղաքացին դարձել է իշխանության գործիքը՝ իրեն քվեարկելու համար: Այլ կերպ բացատրություն չկա: Դրա համար էլ այդ սոված, թշվառ, արդեն փուշը հանած քաղաքացին չի կարող դուրս գալ հրապարակ»: Արամ Մանուկյանի դիտարկմամբ՝ քաղաքացուն կոտրեց համատարած թշվառությունը, որը հատկապես ակնհայտ է մարզերում. «Հաջորդ օրերին բոլոր խանութներում 10 հազար դրամանոցներ են տվել, ասենք՝ հաց առնելու, մածուն առնելու, մակարոն առնելու համար: Այս ժողովրդի համար այդ 10 հազար դրամը եղել է փրկություն մի քանի օրվա: Ստամոքսի վիճակի, թշվառության, երեխայի դեղի կամ լույսի փողը չմուծելու վիճակն այնքան է դարձել համատարած, որ սա իշխանության լավագույն գործիքն է: Այս մեթոդը կիրառել են այլ երկրներ, այլ բռնապետեր՝ սեփական երկիրը կործանել»:  Ինչ վերաբերում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հետագա անելիքներին, ապա Արամ Մանուկյանը նշեց՝ այսուհետեւ եւս քաղաքական թիվ մեկ թեման լինելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած խաղաղության կոնցեպցիան, որի ուղղությամբ իրենք ակտիվ աշխատելու են: