Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամ Խաշմանյանը դժգոհ է «Ալաշկերտի» մարզավիճակից (տեսանյութ)

Սպորտ
sport-alashkert-1

«Գանձասար-Կապանը» մեզ գերազանցեց ֆիզիկապես եւ արագությամբ, այդ իսկ պատճառով էլ հաղթանակ տարավ: Մենք խնդիրներ ունենք, թիմը ֆունկցիոնալ առումով լավ վիճակում չէ: Եթե մեկ կամ երկու հոգի վատ վիճակում լինեն, ապա կունենանք մեկ-երկու խնդիր: Բայց եթե ամբողջ թիմն է վատ վիճակում, ուրեմն մի քանի խնդիրներ ունենք», - այսօր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացած «Ալաշկերրտ» - «Գանձասար-Կապան» խաղից հետո ասաց տանտերերի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նշենք, որ հանրապետության չեմպիոնը սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց մրցակցին: Փորձառու մասնագետն այդպես էլ չնշեց այն պատճառը, որի հետեւանքով թիմը ներկայումս գտնվում է վատ մարզավիճակում: «Ես թիմում եմ եղել եւ տեղյակ եմ մարզումային գործընթացից: Ճիշտ է, նախկին երեք խաղերում հաղթել ենք, բայց «Արարատն» ու «Բանանցը» կանգնած ֆուտբոլ են խաղում, իսկ «Շիրակը» նույնպես վատ մարզավիճակում էր», - եզրակացրեց Աբրահամ Խաշմանյանը: «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի կարծիքով իր թիմը այս խաղում հաղթեց կամային բարձր որակների հաշվին: «Երբ հաշիվը 1:1 էր, տղաները կամք դրսեւորեցին եւ փորձեցին երկրորդ գալը խփել: Վաղուց նման բան չեմ հիշում մեր թիմում», - ասաց կապանցիների գլխավոր մարզիչը: Նշենք, որ այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 39 միավոր եւ հավասարվեց հենց «Ալաշկերտին»: