Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության պարզաբանումը Դ. Իոաննիսյանի ընտանիքին վերաբերող տվյալների մասին

Պաշտոնական
police-1

Տարբեր ԶԼՄ-ներում հրապարակվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունը «Դանիել Իոաննիսյանին մեղադրում են անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտման համար» վերտառությամբ: Մասնավորապես նշվում է, թե «Իրավունք» թերթի կայքէջում հրապարակված՝ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերվող տվյալներին տիրապետել է բացառապես ՀՀ ոստիկանությունը, և դրանք, Դ. Իոաննիսյանից բացի, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձի: Նշված հրապարակման առթիվ պարզաբանում ենք, որ Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր և տատի կողմից, 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը արխիվացվել են և ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն: Հիշյալ անձանցից այլ դիմումներ կամ ահազանգեր ստանալու փաստը հնարավոր չէ ճշտել, քանի որ 2008-2011 թթ. ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժին մուտքագրված դիմումների և բողոքների հաշվառման մատյանները, դրանց պահպանման ժամկետներն անցնելու կապակցությամբ, ոչնչացվել են ՀՀ ոստիկանության պետի գերատեսչական հրամանով սահմանված կարգով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անձի մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տվյալներ հրապարակելը, ինչպես որակված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության գործելակերպը չէ, ուստի կոչ ենք անում ենթադրությունների հիման վրա ոստիկանությանը չվերագրել անհեռանկար, պարզունակ և օրինականության տեսանկյունից կասկածելի գործողություններ: ՀՀ Ոստիկանություն