Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կանայք կանանց չեն հանդուրժում» (տեսանյութ)

Քաղաքականություն
kanayq

Կանանց հիմնախնդիրները շատ քիչ են արտացոլված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում: «Իմիջիայլոց, մարտի 8-ի շնորհավորանքներն էլ ենք վերլուծել՝ քաղաքական մեր այրերը շնորհավորանքներ են հնչեցնում, որ քաղաքականության մեջ մեր կանայք պետք է մեծ դերակատարում ունենան, դա անհրաժեշտ է մեր հասարակությանը: Այսինքն, երբ կա տեղեկատվական առիթ, հիշում են, մյուս դեպքերում՝ մեր կանանց մոռանում են»,- ասում է փորձագետ Լիլիթ Զաքարյանը: «Կանանց օրակարգ» խորագրով հանրային քննարկմանը մասնակցում էին  ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:«Ծառուկյան դաշինք»-ի ներկայացուցիչը բարձրաձայնում է  ֆիզիկական ծանր աշխատանք անող գյուղի կանանց մասին։ «Խորը ցավով եմ արձանագրում, որ 40 տարեկան կանայք ունեն 60-70 տարեկան կնոջ արտաքին: Չենք հանդիպել մի կնոջ, որն ունենա առողջ արտաքին, ունենա կոկիկ հագնված տեսք: Ասեմ ավելին՝ գոնե բերանի խոռոչը նորմալ տեսք ունենա՝ երբ նայում ես, հասկանում ես՝ մարդու ներքին ֆիզիկական ինչ վիճակում է»,- հայտարարեց «Ծառուկյան դաշինք»-ի անդամ Լուիզա Սարգսյանը: Ելք դաշինքի  նախընտրական ծրագրում ընդգրկվել է մի դրույթ, որը վերաբերում է ծննդատներում հոգեբանի ինստիտուտի ներառմանը: «Այն պիտի կանխարգելի հաշմանդամություն ունեցող նորածիններին՝ մանկատուն հանձնելու գործընթացը: Շատ հաճախ լինում է, որ մայրը կոնֆլիկտ է ունենում ընտանիքի մյուս անդամների հետ՝ ստիպված է լինում կամ երեխային հանձնել, կամ երեխային պահելով՝ բաժանվել»,- նկատեց Ելք դաշինքի պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը: ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրում կնոջը, նրա խնդիրները չի տարանջատել ընդհանուր քաղաքացիների խնդիրներից: «Մարզերում, երբ եղել է գյուղապետի կին թեկնածու, այդ գյուղից ոչ մի կին այդ թեկնածուին ձայն չի տվել: Եկեք խոսենք նաեւ այս մասին՝ կանայք կանանց չեն հանդուրժում, եթե իրենցից մի քայլ առաջ է: Մենք պետք է մտածենք այս հոգեբանական խնդիրների մասին»,- նշեց ՀՅԴ անդամ Ռուզան Առաքելյանը:   Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը վկայակոչեց բազմաթիվ օրենքներ, որոնք կարգավորում են կանանց հիմնախնդիրները, սակայն դրանք բավարար չի համարում: «Մի տեսակ վիրավորական է, երբ առանձնացնում ենք կանանց խնդիրները, կողքը գիծ ենք դնում, գրում ենք՝ կին: Սրանք այսօր, այո, անում ենք իրավիճակից ելնելով, բայց առայժմ դրա կարիքը կա, եւ դրա մասին են խոսում այն բոլոր գործընթացները, որոնք սկսում են ՏԻՄ ընտրություններից»,- վստահեցրեց ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:    Այս ընտրություններին քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում կանանց ներգրավվածությունը կազմում է 29,5 տոկոս, իսկ տարածքային ցուցակներով առաջադրվածներում՝ 30,8 տոկոս: