Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նարինջի կամ սոխի անվան տակ լոլիկ են մաքսազերծում». ֆերմերների ահազանգը (տեսանյութ)

Տնտեսություն
fermer

Հայ ֆերմերները չեն կարողանում սպառել իրենց ապրանքը հայկական շուկայում: Պատճառը թուրքական ապրանքի ներկրումն է չափազանց ցածր գնով. «Իրենք բերում են Թուրքիայից  ու շատ էժան են վաճառում, որովհետեւ նարինջի կամ սոխի տակ լոլիկ են մաքսազերծում: Եթե ուզեմ Թուրքիայից բերեմ լոլիկ, վրաս կնստի 300 դրամ պլյուս ճանապարհածախս ու մաքսազերծում, էդ ո՞նց են 350- ով այդքանից հետո վաճառում, եթե եկամուտ չեն ստանում, ինչի՞ են բերում: Ուրեմն հաստատ, մաքսակետում արտոնություններ ունեն»,- ասում է ֆերմեր Արմեն Սիմոնյանը:  Կառավարությանը ֆերմերները խնդրում են աջակցել իրենց՝ զարկ տալու տեղական արտադրանքին,  հատկապես հաշվի առնելով այն, որ Թուրքիայից բերված ապրանքը անորակ է. «Վարունգը ունի երեք օրվա կյանք , ի՞նչ ձեւով է գալիս  հասնում էստեղ, ոչ մեկը չգիտի:  Մենք էներգակիրների բարձր գնի հետ համակերպվել ենք, գոնե գիտենք ինչի համար ենք վճարում, բայց պետք է կարողանանք վաճառել մեր արտադրանքը»,- հավելում է պարոն Սիմոնյանը:  Այս ամենի արդյունքում ֆերմերների մեծ մասը արտագաղթել է երկրից, ասում է «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ տնօրեն Վարուժան Խուդեդարյանը ու հավելում, որ այդ մարդիկ ջերմոցները ստեղծել են Ռուսաստանում, քանի որ այնտեղ սուբսիդիաներ են տալիս ջերմոցային կուլտուրաներին աջակցելու համար:  «Բերում են մի քանի հոգի, հարստանում են մի քանի հոգի, իսկ երբ ջերմոցում է լինում արտադրանքը, այդքան մարդ է աշխատանքով ապահովվում»: Ֆերմեր Արմինե Գեւորգյանը իր գործունեությունը այս ոլորտում սկսել է վերջերս, բայց արդեն զղջում է իր կատարած քայլի համար. «Ես պետությունից ոչինչ  չեմ ուզում, անգամ վարկ չեմ ուզում, թող մեզ չխանգարեն, օգնությունն էլ չեմ ուզում: Ամբողջ ձմեռ վառել եմ գազը, հիմա որ 500 դրամով վաճառեմ, չեմ շահելու, ուրեմն այլեւս չեմ զբաղվի դրանով»: Ֆերմերները առաջարկում են գոնե Էներգակիրների գինը իրենց համար նվազեցնել, որ կարողանան մրցունակ լինել թուրքական ապրանքի հետ: «Ա1+»-ի հարցին, թե կուսակցությունների  ու դաշինքների ծրագրերում տեսե՞լ են արդյոք իրենց խնդիրների լուծումը, Վարուժան Խուդեդարյանը պատասխանեց. «2008 թվականի ընտրություններից սկսած բոլորը նույն բանն են ասում, ու օդապարիկի  նման գնում- ցնդում են, բոլորը ասում են լավ կլինի, բայց տեսել ենք այդ լավը, մենք  կոնկրետ պահանջներ ունենք, հենց դրանց լուծումն ենք պահանջում»: