Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ կանայք կարող են լինել ՀՀ տնտեսության շարժիչ ուժը» (տեսանյութ)

Տնտեսություն
pmdz

Այն կին ձեռներեցները, որոնք ղեկավարում են առավելագույնը 250 աշխատող եւ տարեկան 50 մլն եվրո շրջանառություն ունեցող ՓՄՁ, կֆինանսավորվեն եւ խորհրդատվություն կստանան «Գործարար կանայք» ծրագրի միջոցով: Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր:  «Պարտադիր պայման է, որ աշխատում ենք միայն տեղական կազմակերպությունների հետ: Այս ծրագրի շրջանակներում գործակալ կառավարումը, որոշում կայացնողն անպայման պետք է լինի կինը»,- նշեց ՀՀ-ում «Գործարար կանայք» ծրագրի համակարգող Զառա Օհանյանը: Ծրագիրը ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն եւ Շվեդիայի կառավարությունը: Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է 55 մլն դոլար, Շվեդիայի կառավարությունը հատկացրել է մոտ 5.2 միլիոն եվրո,  ԵՄ Հարևանության Ներդրումային Հիմնադրամը՝ 4,5 մլն եվրո: «ԵՄ-ն գտնում է, որ հայ կանայք երիտասարդ սերնդի հետ միասին պետք է լիարժեք իրականացնեն իրենց դերը՝ որպես Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ, իսկ ԵՄ-ն կշարունակի ավելի ու ավելի ներդրումներ անել այդ ոլորտում»,- ասաց Հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին: Աշխարհում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը կազմում է 9 տոկոս, ՀՀ-ում այս թիվը կրկնապատիկից ավելին է: «Դա նշանակում է, որ մենք ունենք տաղանդավոր կանայք, մենք ունենք պարտավորություն այդ կանանց ներուժն օգտագործելի դարձնելու, մենք պետք է պայմաններ ստեղծենք նրանց համար եւ այդ պայմաններում, բնականաբար, հասնենք հաջողությունների»,- հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյան Միջոցառումն անսպասելիորեն ընդհատեց բնապահպան Աննա Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ  են  ընթանում Ամուլսարի՝ ոսկու հանքերի պաշարների ուսումնասիրությունները։ Իսկ հանքի շահագործումը աղետալի հետեւանքներ կունենա։ «Հանքերը շահագործելով՝ կանանց մղում են մարմնավաճառության: Քանի որ այստեղ գրված է, որ մարմնավաճառության եւ սեռավարակների խնդիրները մեղմելու գործողությունների շրջանում լինելու է պահպանակների լայն հասանելիության ապահովումը Ջերմուկում եւ Գնդեվազ համայնքներում, մենք դա ձեզ ուզում ենք ցույց տալ՝ խնդրեմ պահպանակները»: «Առաջին հերթին պետք է ասել, որ նման հանքարդյունաբերական ծրագրերն առաջացնում են քաղաքական լուրջ խնդիրներ: Այդ պատճառով նման ծրագրեր ֆինանսավորելու համար մենք հաշվի ենք առել միջազգային ստանդարտները, եւ մենք կարողանում ենք աշխատել դրանց շրջանակներում ապահովել պատասխանատու հանքարդյունաբերություն»,- նկատեց ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը: Մարկ Դեյվիսը տեղյակ է, որ ՀՀ-ում հանքարդյունաբերության նկատմամբ ձեւավորվել է բավականին բացասական վերաբերմունք, սակայն նա հորդորեց հաշտվել այն մտքի հետ, որ տնտեսության այդ ճյուղը եղել է ու լինելու է ՀՀ-ում, քանի որ այն բավականին մեծ եկամուտներ է բերում: Նա նաեւ  կոչ արեց բնապահպաններին՝ ուղղակի վստահել ՎԶԵԲ-ի ծրագրերին՝ իրենք կարեւում են  շրջակա միջավայրի պահպանության հարցը: