Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փետրվարի 20-ը Արցախի կյանքում. պատմական անդրադարձ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-30-3

Արցախահայության զարթոնքից 29 տարի անց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նոր Սահմանադրություն է ընդունում։ Մինչ այս օրվան հասնելը արցախցիները դեռ երկար պետք է պայքարեին։ Առաջին ու ճակատագրական որոշումը 1988 թվականի փետրվարի 20-ին կայացվեց. դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին։ Սրան ադրբեջանական պատասխանը Սումգայիթի ու Բաքվի ջարդերն էին։ «Ազգային ազատագրական պատերազմն իր բնական ձևով վերսկսվեց Արցախում` 20 թվականից հետո։ Մենք բնականորեն ներքաշվեցինք կռվի մեջ և Արցախի իշխանությունները՝ սկզբից Մարզկոմը վերցրին սովետական օրենսդրության Ազգերին ինքնորոշման լենինյան սկզբունքի կիրառման, պատմական արդարության վերականգնման փաստերն ու գործը գնաց առաջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Երևանում ու Արցախում անկախության պահանջով փողոց էին դուրս եկել 100-1000-ավոր քաղաքացիներ։ Երբեմնի հայկական Նախիջևանի ճակատագիրն ու ադրբեջանահայերի ջարդերի մասին լուրերը Ստեփանակերտի ու Երևանի փողոցում միայն մեկ տրամադրություն էին առաջացնում՝ ազատ ու անկախ Արցախ և Հայաստան։ Համազգային հանրահավաքներին հաջորդեց 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն։ Ընտրողների 99.8%-ը կողմ էր Ադրբեջանի կազմից դուրս անկախ պետության ստեղծմանը։ Անկախացումը եղավ սովետական օրենսդրությանը համապատասխան։ Քաղաքագետ Շիրինյանը նշում է. «Դրանից հետո խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի, և այն մասին, որ ամբողջ Ադբեջանի ժողովուրդը պետք է քվեարկի, այդ բոլորը տգիտություն են, անհեթեթություն և քաղաքական պատվեր»։ Ադրբեջանական լծից ազատվելուց հետո, Արցախը դեռ Սահմանադրություն չուներ։ Միայն 15 տարի անց Ղարաբաղի խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը։ Իսկ մինչև 2006 թվականն Արցախը ղեկավարվում էր Պաշտպանության պետական կոմիտեի կողմից։ «Դա խունտա կդիտվեր՝ ռազմականացված կառույց, եթե երկար մնար, որը ժամանակակից աշխարհում շատ չի ընդունվում»,- մեկնաբանում է Լևոն Շիրինյանը։ Այսօր արցախցիների սեղանին Սահմանադրության նոր նախագծի տեքստ է դրված։ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվերկությունն անցնում էր առանց խախտումների։ «Մեր կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովների անդամների կողմից որևէ խախտման մասին ահազանգ չենք ստացել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազգային Վերածնունդ»կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։ Արցախցիները քվեարկում են նաև Երևանում ԼՂՀ ներկայացուցչությունում բացված ընտրատեղամասում։ Քվեարկության եկած արցախցիները հիմնականում գիտեն, թե նոր Սահմանադրությունը ինչ փոփոխություններ է բերելու։ Տեսակետներից մեկն այսպիսին է. «Այն, որ նախագահական կառավարման մոդելն ենք ընտրել, մեզ համար պատերազմող երկրի համար ընդունելի է և գովելի»։ Կար նաև մեկ այլ պնդում.  «Ղարաբաղը պետք է փոխվի Արցախի և հենց դրա համար որոշեցի, որ պետք է անպայման գամ քվեարկության։ Ղարաբաղը թուրքական անուն է և եթե երկրորդ հայկական պետության անունը պիտի լինի հայկական, ինչո՞ւ ոչ»։ Մեր հաջորդ զրուցակիցը Թալիշ գյուղից է. «Փոփոխությունը նա է, որ մեր գյուղը սարքեն, գնանք մեր գյուղում ապրենք»։ Արցախի նոր Սահմանադրությունը կուժեղացնի նախագահի ինստիտուտը՝ նրան նոր լիազորություններ տալով։ Փաստորեն՝ պատերազմական վիճակում գտնվող Արցախն ստանում է կենտրոնաձիգ իշխանություն։ Սակայն պետք է նաև զգուշավոր լինել։ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը նշում է. «Քաղաքական ուժերը քառօրյա պատերազմից հետո եկան այն եզրակացության, որ այսօրվա պայմաններում Արցախի համար նպատակահարմար է ունենալ ուժեղացված նախագահական կառավարման մոդելը։ Փաստորեն ՝նախագահը լինելու է նաև գործադիրի ղեկավարը»։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հավելում է. «Նախագահականի պարագայում շեշտը պետք է դրվի իշխանության տարբեր ճյուղերի տարանջատմանը։ Տեսեք սկզբունքը՝ տարանջատել և հավասարակշռել»։ Նոր Սահմանադրություն ունենալու պարագայում, բացի նախագահական կառավարման մոդելի ընտրությունը, այլ փոփոխություններ էլ ենթադրվում։ Պետությունը պաշտոնապես Արցախ անունը կստանա։ Իսկ հաջորդ Սահմանադրության ընդունումը ոչ թե ժողովուրդը կիրակականցնի, այլ Ազգային ժողովը։ Նոր Սահմանադրությանը «այո» կամ «ոչ» ասելու համար 280 ընտրատեղամաս է աշխատում։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի: