Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զարուհի Փոստանջյանն իր ասելիքը ամեն տեղ էլ կասի» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayq

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով առաջիկա ընտրապայքարին, նշեց, որ իր խոսքն ուղղված է լինելու կրթական ոլորտին, զինվորների սոցիալական խնդիրներին. «Դպրոցների քաղաքականացված խորհուրդների առումով օրենքի մեծ բաց կա, ու այդ ուղղությամբ ես մեծ աշխատանք ունեմ անելու։ Ազատ դեմոկրատները եւս կարեւորել են հենց այս բնագավառը, դրա համար ինձ հրավիրել են համամասնական ցուցակ։ Պետք է միշտ հստակ իմանալ` առաջադրված թեկնածուն ով է եղել նախորդ կյանքում, ինչ շառավղով է աշխատել»: «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն իր հերթին նշեց, որ իրենց քաղաքական ուժի նպատակն է դաշտ բերել սերնդափոխություն. «Մարդը ոչ թե միջոց, այլ նպատակ պետք է լինի, սա է իմ քաղաքական նշակետը։ Եղած քաղաքական ներկայացուցիչներից շատերը այլեւս չեն ներկայացնում նոր սերնդի խնդիրները։ Ես խնդիրներ եմ տեսնում կենսաթոշակային համակարգում, հարկային օրենսգրքում, որոնց ուղղությամբ աշխատելու եմ։ Նաեւ` կրթությունը, որը դարձել է ձեւական ու օժիտ տանելու միջոց»: Անահիտ Բախշյանն անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի` «Ժառանգություն»-ից դուրս գալուն ու նշեց. «Ցավում եմ, որ այս որոշումը Զարուհին ուշ կայացրեց, ու նրա ներկայացրած հիմնավորումը ես եմ ժամանակին ասել։ Այժմ մնացած ժառանգականները մեզ են մեղադրում, թե մենք ենք շեղվել Ժառանգության գծից, սակայն նրանք չեն կարող համոզել։ Ժառանգության ուղղվածությունն արեւմտամետ արժեքներով պետությունն է, մենք մնացել ենք հենց այդ գծի վրա, իսկ այն ուժը, որին հիմա գնացել, միացել են, հայտնի չէ, թե ՀՀ պետության տեսլականը նրանք որտեղ են տեսնում։ Իսկ Զարուհի Փոստանջյանն իր ասելիքը ամեն տեղ էլ կասի, այն աքաղաղի նման, որին թագավորը կերավ, սակայն փորի մեջ էլ էր խոսում»: Արդյոք նախկին ժառանգականները կփորձե՞ն միավորվել ու նոր «Ժառանգություն» ստեղծել, տիկին Բախշյանը նշեց. «Չեմ պատկերացնում այդ գործընթացը։ Մարդուն իր գործունեության մեջ պետք է գնահատել, երբ նա այնտեղ է, գնա մեռի, արի սիրեմը տեղին չէ։ Նրա խոսքով` Ժառանգության գափարախոսությունից, գծից շեղումը եղավ ոչ թե ընտրություններից առաջ, այլ դեռ 2015թ., երբ ստեղծվեց քառյակը, ապա` եռյակը. «Ես կատեգորիկ դեմ եմ եղել դրան»: