Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան էներգիա մենք կարող ենք խնայել

Տնտեսություն
unnamed-2-2

Էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլի միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 2020թ. Հայաստանում ապահովել առաջնային էներգիայի ավելի քան 37 տոկոս խնայողություն։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանի խոսքով, 2010-2020թթ. էներգախնայողության ակնկալվող թիրախային ցուցանիշը գնահատվում է գրեթե 40 մլրդ կՎտժ. -Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1-4 ԱՄՆ ցենտ, մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը գրեթե 7  ԱՄՆ ցենտ է։ Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության համար առավել մատչելի է էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, քան արտադրող նոր հզորությունների ավելացումը: Այսօր Հայաստանում սպառվող առաջնային էներգակիրների շուրջ 67 տոկոսը ներկրվում է, ինչը խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը։ Էներգաարդյունավետության խթանումը թույլ կտա նվազեցնել առաջնային էներգիայի պահանջարկը և կհանգեցնի ներկրվող վառելիքի ծավալների կրճատմանը: -Էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները միտված են էներգիայի սպառման կրճատմանը։ Արդյունքում կբարելավվի  էներգաարտադրության  արդյունավետությունը, ինչը դրական ազդեցություն կունենա նաև սակագների ձևավորման վրա,- ասաց  Վահագն Աթայանը: