Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ոչ մի կապ չունի Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
mediakentron

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պետք է շարունակի իր գործունեությունը՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար»,-ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով գրասենյակի հնարավոր փակման մասին. «Ես համարում եմ, որ մենք պետք է հասցնենք ԵԱՀԿ ղեկավարությանը, որ այդ օֆիսի աշխատանքը շատ կարևոր է մեզ համար, քանի որ այն աջակցում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։ Միայն այն, որ այդ գրասենյակի փորձագետներն օգնել են Հայաստանի օրենսդրությունը լավացնելուն, քիչ բան չէ»։ Պարոն Գրիգորյանի խոսքով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը չպետք է կապել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ. «Այս օֆիսը չի զբաղվում կոնֆլիկտների հարցերով, պետք չէ կապել դրա գոյությունն ու աշխատանքը այլ խնդիրների հետ, որոնք կան աշխարհում կամ տարածաշրջանում»,-ասաց նա՝ հավելելով, որ սա պետք է հասկացնել նաև ԵԱՀԿ ղեկավարներին. «Մեր գիծը պետք է լինի, որ ԵԱՀԿ երևանյան օֆիսը ոչ մի կապ չունի Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ և այլ հարց չի լուծում, քան Հայաստանում ժողովրդավարության հաստատումը»։ Քննարկմանը ներկա՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ հավելեց, որ 25 տարվա պետություն ենք, բայց դեռ նման կառույցների կարիքն ունենք. «Տարօրինակ է, բայց ես կողմ կլինեմ, եթե ԵԱՀԿ կամ ԵԽ գրասենյակները փակվեն Հայաստանում, բայց ոչ հիմա, քանի որ նման գրասենյակներ կան այն երկրներում, որտեղ ձգտում են ժողովրդավարության, բայց դեռ չեն հասել»,-նշեց Իշխանյանը՝ ցանկություն հայտնելով , որ Հայաստանում ժողովրդավարությունն այնքան բարձր մակարդակի վրա լինի, որ նման կառույցների կարիքը մեր երկրում այլևս չլինի: ։ Հիշեցնենք, որ դեռևս հունվար ամսին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Երևանում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի երկարաձգման շուրջ խնդիրներ են առաջացել։   Մանրամասները՝ տեսանյութում