Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պայմանավորվածությունները խախտվում են». Արամ Սարգսյան

Քաղաքականություն
Aram-Sargsyan

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ դեռեւս չկայացած դաշինքից դուրս գալու որոշումը կայացվել է նախօրեին՝ կուսակցության խորհրդի նիստում։ Ա. Սարգսյանի խոսքերով, դաշինք ձեւավորելու համար իրենք ներկայացրել են 4 սկզբունքային դրույթներ, որոնց շուրջ նախնական համաձայնության էին եկել, սակայն փորձը ցույց տվեց, որ այդ պայմանավորվածությունները խախտվում են։ «Նախեւառաջ պետք է ձեւավորվեր միասնական  խորհուրդ, որի շրջանակներում պետք է կոնսեսուսային որոշումներ կայացվեին։ Ամենակարեւոր հարցը, որ պետք է քննարկվեր խորհրդում՝ դաշինքի ծրագիրն էր, ինչպես նաեւ հարցը, թե ովքեր են լինելու դաշինքի կազմում։ Մինչդեռ, մինչ օրս նման խորհուրդ ձեւավորված չէ, ավելին, ծրագրերի քննարկման մասին որեւէ խոսք  չկա։ Բոլորը կենտրոնացած են ցուցակների կազմման վրա, ինչը, մեր գնահատմամբ,  երկրորդական պետք է լիներ եւ սկզբունքային նշանակություն պետք է չունենար»։ Նա չբացառեց նաեւ այլ քաղաքական կամ հասարակական ուժերի հետ ընտրություններում միասնական հադես գալը՝ տեղեկացնելով, որ ներկայումս այլ դաշինքների հետ լուրջ  բանակցություններ տարվում են։ «Երկրի վիճակն այնպիսին է, որ մենք հիմա կամ գնում ենք երկիրը այլ ճանապարհով տանելու, կամ ուղղակի անիմաստ են մեր բոլոր գործողությունները։ Մեր մարզային կառույցներից ստացվող տեղեկատվությունը վկայում է, որ շատ ավելի լավ կլինի, եթե մենք, այսպես ասած, «զուլալված» գնանք ընտրությունների, քան այս անորոշության մեջ փորձենք ինչ-որ բան գտնել»։ Շաբաթներ առաջ «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին: