Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոնց կարելի է խոսել կարգավորման մասին, երբ կրակում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
bekaryan

«Դեռ ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորն ականատես եղան, թե ինչպես էր Ադրբեջանն հրաժարվում ընդունել իր բանակի մեծ թվով կորուստները՝ փորձելով խուսափել դրանց իդենտիֆիկացիայի խնդրից կամ դրանց վերադարձի հետ կապված հարցեր լուծելուց»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանն՝ անդրադառնալով, Արցախի պաշտպանության բանակի կողմից գերեվարված զինծառայողի վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե գերի ընկածն Ադրբեջանի բանակի զինծառայող չէ։ Ըստ նրա՝հատուկ ջոկատայինների պարագայում մենք ականատես ենք լինում նոր ձեռագրի՝ Ադրբեջանը մի կողմ է հրում սեփական զինվորին ինչ- որ բանով օգտակար լինելը, նրա ճակատագրին հետամուտ լինելը ։ «Դրանից հետո էլ համացանցում հայտնվեց այդ զինծառայողի մոր ուղերձը։ Ինչ- որ ողբերգական բան կա նախարարության հայտարարության եւ մոր ուղերձի հայտնվելու մեջ։ Ադրբեջանի իրականության մեջ լրիվ պատահականություն էր մոր ուղերձի հայտնվելը համացանցում, եւ հիմա այլ խնդիր՝ թե այդ ընտանիքի հետ ինչ կլինի»,-ասաց նա։ Կ. Բեքարյանի դիտարկմամբ՝ առաջիկայում հնարավոր է համանախագահների կողմից ինչ-որ կոչեր կլինեն։ «Սակայն կլինե՞ն արդյոք դրանք հստակ հասցեական՝ կասկածում եմ։ Երբ հայտարարությունները լինում են անհասցե, դրանք  Ադրբեջանի կողմից դիտարկվում են որպես խրախուսանք։ Այս առումով մենք միշտ հրավիրում ենք համանախագահների ուշադրությունը՝ ինչ –որ առումով հասկանալով, որ եթե այդ հասցեականությունը տեղի ունենա, իրենք դժվար կկարողանան իրականացնել իրենց առաքելությունը։ Սակայն արդեն վաղուց ոսկե միջինը լռելը չէ»։ Անդրադառնալով Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանն, ըստ որի՝ համանախագահները պատրաստ են փետրվարի կեսերին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, նշեց, որ չի կասկածում, որ հանդիպումը կկայանա, սակայն կասկածում է, թե այդ հանդիպումն ինչ կտա։ «Շատ թերահավատ եմ, որովհետեւ վերջին շրջանը ցույց է տվել բոլոր հանդիպումներից, բանակցություններից, կոնսուլտացիաներից առաջ Ադրբեջանը որեւէ կերպ ցանկություն չունի իրականացնելու Վիեննայի պայմանավորվածությունները։ Այս պարագայում բանակցային գործընթաց ասվածը ընդհանրապես տրամաբանությունից դուրս  է։ Ոնց կարելի է նստել-խոսել քաղաքական կարգավորման մասին, երբ կրակում են, ոնց կարելի է խոսել վստահության միջոցների մասին, երբ սպանում են»։