Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները դիմել են գործող կուսակցություններին. ՀՅԴ-ն մերժել է

Տնտեսություն
nairit

Նաիրիտցիները դիմել են հանրապետությունում գործող 13 կուսակցությունների՝ խնդրելով օժանդակել իրենց՝ «Նաիրիտը» ստեղծված իրավիճակից հանելու համար։ Նաիրիտցիների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանն այսօր կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դիմումը, որ պատրաստվում են այսօր հանձնել վարչապետին՝ նախապես են ուղարկել կուսակցություններին, որպեսզի բոլորը ստորագրելուց առաջ իրենց առաջարկություններն ու դիրքորոշումն արտահայտեն։ Դիմումի տակ 13 կուսակցություններից ստորագրել են 12-ը։  Չի ստորագրել միայն Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Կ. Շահվերդյանի խոսքերով, Դաշնակցության ներկայացուցիչները դա հիմնավորել են իրենց կոալիցիայի մաս կազմելով, սակայն խոստացել են, որ կաշխատեն այդ ուղղությամբ։ «Հիմա չգիտենք, թե ինչպես կաշխատեն, այնպես, ինչպես իշխանություննե՞րը, որ սնանկության գաղտնի եւ  արագացված վճիռ կայացրեցին եւ հիմա ոչ մի առողջացման ծրագիր գոյություն չունի։  Իշխանությունները ոչինչ չեն անում, բացի հերթական ներդրողի հետ բանակցությունները փակուղի մտցնելուց եւ նրանց հետ ուղարկելուց։ Պոտենցիալ ներդրողների վրա պարտքեր են դնում, գործարանի վիճակը այնպես են ներկայացնում, որ ներդրողը հրաժարվի։ Սակայն այս մի ներդրողը, որ «Եվրոպա-Ասիա» բիզնես ֆինանսական կենտրոն հոլդինգն է մեր կողքին է»։ Անդրադառնալով հարցին, թե նշված հոլդինգը պատրաստվում է  գնել «Նաիրիտը» 1 դոլարով, Կ. Շահվերդյանն ասաց, որ նախկին վարչապես Հովիկ Աբրահամյանի առաջարկն է եղել, որ եթե լինի ներդրողը, ապա ինքը պատրաստ է 1 դրամով անգամ հանձնել գործարանը։ Մինչդեռ նշված հոլդինգը պատրաստ է մինչեւ 150 մլն դոլարի ներդրում կատարել գործարանում։ Ավելին, հոլդինգը պատրաստ է մինչեւ 3 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսությունում։ Անդրադառնալով ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանի պնդմանը, թե «Նաիրիտի» վերագործարկման առաջարկը լուրջ չէ, քանի որ ներդրում անել ցանկացող ընկերությունը չի հետաքրքրվել մոտակա 5 տարիներին գազի հնարավոր սակագնի մասին, Կ. Շահբազյանը նշեց. «Իսկ գուցե իրենց ասածը լուրջ չէ։ Վարչապետը ինչ եկել է,  ասում է գնային փոփոխություններ չի լինելու։ Ինչպես կարելի  է 10 տարվա կանխատեսում անել, մենք ինքներս տեսնում ենք, որ եթե անգամ  համաշխարհային մասշտաբով գնային փոփոխություններ չեն լինում, Հայաստանում բարձրացումներ լինում են։ Մենք կարո՞ղ ենք վստահ լինել, որ ինչ-որ փոփոխություն չի լինի եւ կանխատեսումներ անել 10 տարվա կտրվածքով, ի վերջո, եթե գազի գինը կբարձրանա, ապա հոլդինգի նախագահն ասել է, որ ինքը պատրաստ է նույն ձեւով աշխատել, քանի որ եթե գազի սակագինը բարձրանա, կբարձրանա  նաեւ կաուչուկի գինը»։