Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանի ավագանու անդամների արյունը երևի կապույտ է»

Քաղաքականություն
asparez-nkar

Ո՞ր օրը և ո՞ր ժամին պետք է համայնքի ավագանին նիստ գումարի։ Աշխատանքներին ներկա գտնվելու իրավունք ունեն քաղաքացիները, որոնք այդ մասին պետք է իմանան քաղաքով մեկ տեղադրված ցուցանակներից։ Բայց շատ տեղերում հենց ցուցանակներն են բացակայում։  «Միայն Չարենցավան քաղաքն է, որ առնվազն 11 ցուցանակ պետք է լիներ, և ունի 12 ցուցանակ։ Մյուսների դեպքում այդ թիվը պակաս է։ Շատ համայնքապետեր համարում են, որ եթե իրենք համացանցում այդ հայտարարությունը հրապարակում են, որ ավագանու նիստ է լինելու, ուրեմն դա բավարար է, կարիք չկա ցուցանակների վրա դա զետեղել։ Այնինչ, օրենքում գրված է՝ պարտադիր պայման է ցուցանակային իրազեկումը»,- Գյումրու «Ասպարեզ» ակումբի ուսումնասիրության արդյունքն է ներկայացնում Լևոն Բարսեղյանը։ Հայաստանի խոշոր 17 համայնքներից ոչ բոլորի դեպքում են ավագանու նիստերը ուղիղ եթերով հեռարձակվում։ Մինչդեռ 14 համայնքներ այդպիսի պարտավորություն են ստանձնել։ Օրենքին հետևում է նրանց կեսը միայն։ Դրանք են՝ Երևանը, Գյումրին, Էջմիածինը, Կապանը, Հրազդանը, Արարատը և Գավառը, մյուս համայնքապետերն ասում են, որ դեռ չեն հեռարձակում։ Խտրական է պետության վերաբերմունքը Երևանի ու մյուս համայնքների ավագանիների նկատմամբ։ Թուղթ ու գրչի, տրանսպորտի, բենզինի, քաղաքացիների հետ հանդիպման մասին ԶԼՄ-ներով հայտարարություն տալու համար երևանցի ավագանին ամսական ստանում է 45 հազար դրամ, մյուս համայնքների ավագանիների գումարը երեք անգամ քիչ է։  «Երևանի ավագանու անդամների արյունը երևի կապույտ է, մնացած ավագանու անդամների արյունը երևի սովորական արյուն է՝ հայկական, ծանր։ Երևանի ՏԻՄ-ի և ընդհանրապես ՏԻՄ-ի մասին օրենքների միջի այս հակասությունը խտրականություն է։ Էս խտրականությունը պետք է վերացվի»,- ասում է պարոն Բարսեղյանը։ Համայնքներում բոլորը գիտեն՝ որտեղ է գտնվում համայնքապետարանը, բայց նրանք կդժվարանան ավագանու նստավայրը գտնելու հարցում։ Համայնքների գերակշռող մասում ավագանիները մեկ տեղ հավաքվելու հնարավորություն չունեն։  «Ավագանու նստավայրը պիտի սահմանվի, պիտի պատշաճ աշխատանքային պայմաններ ստեղծվի, որ էդ մարդիկ գնան, գան նստեն, թուղթ է, գրիչ է, մարդկանց լսեն, հանդիպեն։  Մի կողմից սա կարող ենք համարել ավագանու չկայացման պատճառ։ Ինչքան էլ ուզում է  ավագանու անդամները ծույլ լինեն, նստավայրը թող սահմանվի, հետզհետե էս ամբողջը կսկսի գործի ընկնել»։ «Ասպարեզ» ակումբի ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս՝ համեմատաբար լավ է գործում քաղաքացիների ընդունելության ինստիտուտը։ Սակայն որոշ դեպքերում քաղաքացիները պատշաճ չեն տեղեկացվում համայնքապետի հանդիպման օրվա և ժամի մասին։