Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյան.  «Իրանում լարված պայքար է սպասվում»

Սպորտ
sport-chess-lilit

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի 2-րդ համար Լիլիթ Մկրտչյանը գոհ է մրցաշրջան-2016-ից, չնայած ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում նահանջ է ապրել: «Անցած տարվա Եվրոպայի առաջնությունում ինձ հաջողվեց նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, եւ փաստորեն կատարեցի իմ գլխավոր առաջադրանքը: Տարբեր ակումբների կազմում վատ հանդես չեկա նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ Ռումինիայի ակումբային առաջնություններում», - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց գրոսմայստերը: Այժմ Լիլիթ Մկրտչյանը մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանի հետ պատրաստվում է Իրանում կայանալիք աշխարհի առաջնությանը, որն անցկացվում է նոկաուտ մրցակարգով: «Փետրվարի 1-7-ը մենք ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Արզնիում, որտեղ հիմնականում ուշադրություն կդարձնենք սկզբնախաղերի վրա: Փետրվարի 8-ին արդեն մեկնելու ենք Թեհրան: Ինչ վերաբերում է առաջին մրցակցիս՝ չինացի Նի Շիցյունին, ապա բարդ հակառակորդ է, որովհետեւ նա երիտասարդ շախմատիստուհիների մեջ համարվում է ամենատաղանդաշատը: Անկասկած, լարված պայքար է սպասվում», - նշեց փորձառու շախմատիստուհին: Խոսելով այս տարվա պլանների մասին՝ Լիլիթ Մկրտչյանը հավելեց, որ աշխարհի առաջնությունից բացի, իր ուշադրությունը բեւեռելու է Եվրոպայի թիմային եւ անհատական առաջնությունների վրա: