Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Զուրաբյանը նախընտրական խոստում տվեց նաիրիտցիներին (տեսանյութ)

Տնտեսություն
nairit-1

««Նաիրիտի» օրհասական պահն է եկել»,-այսօր մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Նարիրիտցիները դիմում են կուսակցություններին՝ խնդրելով իրենց ձայնը հասցնել պատկան մարմիններին: Կարեն Իսրայելյանի խոսքով՝ իրենց անհանգստացնում է այն, որ գործարանը արագացված կարգով սնանկ է ճանաչվել. «Անհասկանալի պատճառներով հունվարի 25-ի նիստը առաջ է բերվում, կայանում է նոյեմբերի 28-ին՝ առանց ինչ-որ մեկի գիտության: Ես հետաքրքրվել եմ, բոլորն ասում են՝ դատական նիստը հետաձգում ենք, բայց որ առաջ բերենք, նման բան չի եղել»,-ասաց Իսրայելյանը: Նաիրիտցիները այս ամենում միտում են տեսնում: Պարոն Իսրայելյանի խոսքով՝ իրենց լուրեր են հասել, որ կառավարությունը փորձելու է առաջ քաշել «Նաիրիտի» գործարկման, բայց իրենց կարծիքով՝ կործանման ծրագիրը: «Մեր տեղեկություններով ՝ներդրումային փաթեթ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև հունվարի 25-ը: Մինչ հունվարի 20-ը ներկայացվել է ընդամենը մեկ առաջարկ՝ «Եվրոպա» հոլդինգի կողմից: Մենք մտածում ենք, որ կառավարությունը երկրորդ փաթեթ կներկայացնի, կասի, որ «Եվրոպա» հոլդինգի ծրագիրը չի բավարարել իրենց, այլ երկրորդ ծրագիրն է բավարարել: Երկրորդ ծրագրով իրենք գործարանի սնանկության գործընթացը կտանեն մինչև վերջ, որով գործարանը կկիսեն երկու մասի՝  մի մասը կտան սնանկության կառավարիչին, որ նա օտարի և պարտքերը տա` դրա մեջ մտնում է  կաուչուկի գործարանը, մյուս մասը առողջացման ծրագրի անվան տակ կառանձնացնեն, կտան «Նաիրիտին»: Դրա տակ տեսնում են միայն քլորի արտադրությունը: Սա նշանակում է «Նաիրիտի» կործանում»,-ասաց Իսրայելյանը: Քննարկմանը ներկա՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը նախընտրական խոստում տվեց նաիրիտցիներին. «Իշխանության գալու դեպքում՝ վերագործարկելու ենք «Նաիրիտը» և երկրորդը՝ քննելու ենք բոլոր այն տասնյակ միլիոնների չարաշահումները, որոնք տեղի են ունեցել գործարանում: Դրանց հետևում կանգնած են իշխանությունները՝ Տիգրան Սարգսյանը և այլ մարդիկ»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչև իշխանափոխություն չլինի, այդ չարաշահումները չեն բացահայտվի: Արամ Մանուկյանն էլ նշեց, թե նաիրիտցիները պետք է դիմեն ռադիկալ քայլերի: «Գազը, հոսանքը, «Նաիրիտը», այս երեքը միասին մի մաֆիա են, բոլորը մեկ փաթեթի մեջ են:  Եթե ռադիկալ լուծումներ չլինեն, ձեր խնդիրը չի լուծվի, ձեզ պետք է միասնական պայքար»: Կուսակցությունների ներկայացուցիչները խոստացան աջակցել նաիրիտցիներին՝ մասնակցելով իրենց հետագա քննարկումներին: Ի դեպ, «Նաիրիտի» համակարգող խումբը քննարկմանը հրավիրել էր նաև «Նաիրիտի» տնօրենին, նախարարությունների, ՀԷՑ-ի ներկայացուցիչներին, սակայն որևէ մեկը չէր եկել: