Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահանջում են ՄԻՊ ներկայացուցչին` կանխելու ծեծը

Կարևոր լուրեր Հասարակություն
index4

Ինչու պետք է  դատապարտյալը մկրատը   փորը մտցներ կամ կտրեր երակները, եթե նրան տեղափոխում են ավելի բարեկարգ խուց: Հարց են բարձրացնում  երկու օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում իրականացրած դատապարտյալների հարազատները: «Ա1+»-ի հետ զրույցում նրանք նոր մանրամասներ ներկայացրին: Նրանց խնդրանքով չենք հրապարակում անունները, քանի որ ունեն մտահոգություն, որ  ՔԿՀ-ում  գտնվող իրենց հարազատները բռնության կենթարկվեն: Ամեն ինչ սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի  «2015 թ. ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին»  տարեկան հաղորդումից  կամ ավելի շուտ , երբ նույն գրասենյակի  աշխատակիցները  մոնիտորինգ են իրականացրել ՔԿՀ-ներում:   Դիտարկումները ցույց են տվել`  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  որոշ խցեր խոնավ են եւ առաջարկվել է դատապարտյալներին տեղափոխել այլ խցեր: Առաջին հարկի խցերից մեկի հինգ դատապարտյալներին տեղեկացրել են, որ նրանց խուց է հատկացվում հինգերոդ հարկում; Ըստ հարազատների`  ասել են` նորմալ խուց է, նորոգված: Դատապարտյալները  նույնիսկ իրերի մի մասն են վերեւ բարձրացրել ու… փախել: «Սարսափելի վիճակ էր, ուղղակի նկարագրել չեմ կարող: Պատուհանը` պուճուր , պատերը` քանդած,  լվացարանը` ժանգոտած, բացում ես ծորակը`  ժանգաջուր է գալիս»,- ամուսնու խոսքերն է փոխանցում դատապարտյալներից մեկի կինը: Դատապարտյալներն խնդրել են բանտի ղեկավարությանը`  եթե  պետական միջոցներով հնարավոր չէ նորոգել, ապա գոնե առավելագույնը մինչեւ փետրվարի 5-ը ժամանակ տան իրենց, որպեսզի ընտանիքների տրամադրած գումարով  նորոգեն խուցը. «Որովհետեւ զզվելի է, սանհանգույցից օգտվել ընդհանրապես չեն կարող»  :  Իրենց հաշվարկով` 50-60 հազար դրամը բավարար կլինի խուցը «բնակելի» դարձնելու համար: Ընդ որում` դատապարտյալներին զարմացրել է հանգամանքը, որ իրենց խցի պատուհանը նույնքան փոքր է, որքան ցմահ դատապարտվածներինը: Առաջարկը չի ընդունվել  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության   կողմից:  Եւ խուցը լքել չցանկացողների նկատմամբ գործի են դրվել մահակները, եւ  դատապարտյալները դիմել են ինքնավնասման: Ըստ հարազատների`  երեքի վերքերն  այնքան լուրջ են, որ  նրանց արդեն մի քանի անգամ տարել են  քաղաքացիական հիվանդանոց : «Ամուսինս երակներն էր կտրել»,-  տեսակցությունից հետո պատմեց  կինը , որը վաղը պատրաստվում է գնալ Արդարադատության  նախարարի մոտ: Հարազատները մտավախություն ունեն, որ վաղը  դատապարտյալների նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին ուժ կգործադրվի, քանի որ կրկին նրանց փորձելու են տեղափոխել , իսկ վերջիններս որոշել են`  կտեղափոխվեն միայն այն դեպքում, երբ նոր խուցը նորոգվի :  Իսկ եթե գործի դրվեն մահակները, դատապարտյալները կրկին ինքնավնասման կդիմեն: ՄԻՊ մամլո ծառայությունից տեղեկացրին, որ արդեն արձանագրվել է ահազանգը, եւ առավոտյան իրենց ներկայացուցիչները կգնան «Նուբարաշեն» ՔԿՀ: