Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սմբատ Լպուտյանը գնահատել է Լեւոն Արոնյանի ելույթը

Սպորտ
sport-chess-lputyan

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 16-28-ին, Ռուսաստանում: «Ինչպես գիտեք, մեր հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր չի նվաճել: Բացի այդ, անցած տարի մենք ստիպված եղանք բաց թողնել Բաքվում նախատեսված շախմատային օլիմպիադան, որը ինքնաբերաբար զրկում է թիմին մասնակցությունից: Ռուսաստանում խաղալու միակ տարբերակն այն է, որ շախմատի միջազգային ֆեդերացիան Հայաստանին շնորհի վերջին՝ 10-րդ ուղեգիրը, սակայն ՖԻԴԵ-ն դժվար թե նման ընտրություն կատարի՝ հաշվի առնելով վերջին հանգամանքը» - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Գնահատելով մրցաշրջան-2016-ում մեր շախմատիստների ելույթները՝ անվանի շախմատիստն ասաց, որ տարին կարելի է հաջողված համարել. «Մեր շախմատիստները միջազգային տարբեր մրցաշարերում դարձել են եւ հաղթող, եւ մրցանակակիր, սակայն ամենակարեւորն այն է, որ մենք 2016-ին ունեցանք աշխարհի երկու չեմպիոն, ընդ որում պատանիների ամենահարգի 16 եւ 18 տարիքային խմբերում: Դա նշանակում է, որ մեր կողմից տարվող աշխատանքը զուր չի անցել»: Սմբատ Լպուտյանը կարծում է, որ մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը դեռ հնարավորություն ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար, սակայն դրա համար նա շատ քիչ ժամանակ ունի: «Վերջին տարիներին Լեւոն Արոնյանի մոտ, կարծես, ներքին էներգիայի պակաս է զգացվում: Դա հիմնականում գալիս է տարիքից: Որքան շախմատիստը մեծանում է, այնքան ավելի դժվար են տրվում հաղթանակները: Լեւոն Արոնյանը, այնուամենայնիվ, աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է, եւ նա չեմպիոնի կոչման ռեալ թեկնածու է համարվում: Այնպես որ, ամեն ինչ գտնվում է նրա ձեռքերում», - ասաց փորձառու մասնագետը: