Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր կտավները վտանգի տակ են (տեսանյութ)

Մշակույթ
nkar

«Եթե Մատենադարանը մեր սիրտն է, ապա ազգային պատկերասրահը մեր հոգին է։ Մեր ազգային հարստությունը շատ վատ պայմաններում է գտնվում, կտավների պահպանման համար արժանի պայմաններ են պետք։ Կառավարությունը ծրագիր ունի պատկերասրահի նոր շենք կառուցելու։ Դա մեր փափագն է։ Եվ եթե նորը կառուցելու հնարավորություն չկա, պետք է մտածել թե ինչ կարելի է անել ավելի բարվոք պայմաններ ստեղծելու համար»,- այսօր Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ամփոփեց 2016 թվականի միջոցառումներն ու անդրադարձավ այս տարի նախատեսված աշխատանքներին և խնդիրներին։ Ռեստավրացիայի բաժինը «խեղդված» աշխատում է, վնասված կտավները փրկելու ուղղությամբ. «Ձմեռը ցուրտ է,ամառը՝ շոգ, կտավների պահպանման համար պատշաճ պայմաններ են հարկավոր»։ Պատկերասրահի վերականգնողական բաժինը  կենտրոն դարձնելու գաղափարը Արման Ծատուրյանի երազանքն է.  «Բանակցություններ ենք վարում  Մոսկվայի Գրաբարի անվան գիտահետազոտական  հայտնի կենտրոնի հետ, այստեղ մասնաճյուղ բացելու շուրջ: Ռուսաստանը պետք է ներդրումներ անի: Եթե հաջողվի, կունենանք տարածաշրջանային լավագույն, հզոր կենտրոններից մեկը»։ Երկրից դուրս շատ ցուցահանդեսներ են ունենալու։ Մարտ ամսին Նովոսիբիրսկում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, Մոսկվայում՝ «Ռուսական իմպրեսիոնիզմ»-ի մասնավոր թանգարանում  «Հայկական իմպրեսիոնիստներ» ցուցադրությունը։ Ի դեպ ողջ ծախսերը իր վրա է վերցնում Մոսկվան։ Սակայն տարվա ամենակարևոր միջոցառումները կապված են լինելու Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի հետ: Արդեն մեկ տարի է՝ աշխատում են այդ ուղղությամբ։ Ցուցադրվելու են բոլոր կտավները ՝57 գեղանկար և 31գրաֆիկական նկար։ Նաև դրսից կբերվի 16 աշխատանք, մասնավորապես՝ Տրետյակովյան պատկերասրահից, Պետերգոֆի և Ռուս արվեստի թանգարաններից։ Բանակցություններ են վարում նաև Մխիթարյան միաբանության հետ՝ որևէ «շեդեվր» բերելու համար։ «Եթե մեր բոլոր ծրագրերն իրականանան, դա կլինի այնպիսի ցուցահանդես, որի նմանը, վստահեցնում եմ, Հայաստանում դուք երբեք չեք տեսել»,- եզրափակեց տնօրենը։