Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ լսում ես «Բիթլզ», կրկնօրինակում եւ խմում «Բիթլզ» (տեսանյութ)

Մշակույթ
beatles

Անցյալ դարի 60-ականներին Եվրոպայում և Ամերիկայում մոլեգնում էր «բիթլոմանիան»: «Բիթլզ» խմբի երկրպագուները բառացիորեն խենթանում էին նրանց տեսնելու, լսելու, նրանց հպվելու համար: Լեգենդար քառյակը փոխեց աշխարհը, փոխեց  երիտասարդության գիտակցությունն ու փոփ մշակույթ ասածը: 2001 թվականից Յունեսկոյի որոշմամբ, հունվարի 16-ին նշվում է լեգենդար Բիթլզ խմբի համաշխարհային օրը, քանի որ 1957-ի հենց նույն այս օրը բրիտանական Լիվերփուլ քաղաքում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ էլ առաջին անգամ ելույթ ունեցան Ջոն Լենոնը, Փոլ Մաքարտնին և Ջորջ Հարիսոնը: Երկու տարի անց նրանց միացավ Ռինգո Սթարն ու քառյակը դարձավ կուռք և ոչ միայն իր ժամանակի կուռքը: «Բիթլզները» ճեղքեցին նաև Խորհուրդների երկրի երկաթե վարագույրը: Հայ երիտասարդները ևս կրկնօրինակում էին նրանց սանրվածքները, հագ ու կապը, հաջողացնում ձեռք բերել ձայնագրություններն ու լուսանկարները: Հայտնվեց «Երազողներ» ռոք խումբը, որ կատարում էր միմիայն Բիթլզի  երգերը: Ռոք խմբի երգիչներից մեկն էլ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն էր, որը  «Ա1+»-ի հետ զրույցում կիսվեց իր հիշողություններով։  «Մենք 18 տարեկան էինք, որ սկսեցինք նվագել: Առաջին համերգը Պոլիտեխնիկի դահլիճում  էր եւ մեզ այդպես էլ ասում էին «Պոլիտեխնիկի Բիթլզներ»,- ասում է արվեստագետը, որը հիշում է լեգենդար խմբի ամեն մի երգի ծնունդը։ Երևանում այսօր կա քառյակի անունը կրող ակումբ։ Հաճախում են ամենատարբեր տարիքի մարդիկ, կարևորը նրանք բոլորն էլ ռոքի երկրպագուներ են: Այսօր ակումբում կհնչեն  լեգենդար քառյակի հիթերն ու կհամտեսեն «Բիթլզ»-կոկտեյլը։ Հունվարի 16-ը տուրք է այս քառյակի պատմությանը՝ Լիվերպուլի փողոցներից, երբ նրանք սկսնակ երաժիշտներ էին, մինչև բազմահազար հանդիսատեսով համերգներն ամբողջ աշխարհով մեկ և վաճառված միլիոնավոր ձայնագրությունները: Պատմություն, որ մինչ օրս որևէ մեկի չի հաջողվել կրկնել: