Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արամ Ա-ի այցը Սիրիա դիվանագիտական մեծ սխալ էր». պատմաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
yazchyan

«Արամ Ա կաթողիկոսի հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ խախտում է հայկական կողմի չեզոքությունը սիրիական պատերազմի վերաբերյալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմաբան Գևորգ Յազըճյանը: Նրա խոսքով՝ կաթողիկոսի այցը Սիրիա և այնտեղ տեղի ունեցած հանդիպումները վրդովմունք են առաջացրել սուննի արաբների շրջանում. «Նրանք կարծում են, որ սիրիահայերը Ասադի վարչակազմի կողմից են: Լավ կլիներ դրական չեզոքությունը պահպանել: Ասեմ ավելին, Դամասկոսի թեմի առաջնորդը նույնիսկ տեղյակ չի եղել Արամ Ա-ի այցի մասին, ԶԼՄ-ներից է իմացել: Կարելի էր համբերել, տեսնել, թե իրադարձությունները ուր են տանելու: Մանավանդ որ պատերազմը դեռ ավարտված չէ: Այս շտապողականությունն իզուր էր, դիվանագիտական մեծ սխալ»,-ասաց նա: Պատմաբանը նշեց, որ հալեպահայերը տնտեսական ահավոր վիճակում են, նրանց համար համահայկական լուծում պետք է գտնվի. «Շատ տեղերում հայկական կառույցները վնասվել են, քանդվել, ամբողջովին վերակառուցման կարիք ունեն: Հայկական թաղամասերից դուրս հայերին պատկանող գործարանները, խանութները վաղուց արդեն թալանված են: Պետք է լուծում տրվի այս խնդրին, բայց, նախ և առաջ, պետք է հասկանալ՝ մենք ուզու՞մ ենք պահպանել հայկական գաղութը Սիրիայում, թե ոչ»: