Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Հովհաննիսյանը «բռնացրեց» մրցակցի ձիուն եւ հաղթանակ կորզեց

Սպորտ
unnamed-23

Այսօր մեկնարկեցին շախմատի Հայաստանի 2017 թվականի կանանց եւ տղամարդկանց առաջնությունները: Անցած տարվա չեմպիոնները հաղթանակներով սկսեցին իրենց տիտղոսի պաշտպանությունը: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը սեւերով վստահ հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին: Կանանց գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը սպիտակներով առավելության հասավ նախանցած տարվա հաղթող Սուսաննա Գաբոյանի նկատմամբ: Տղամարդկանց առաջնության արդեն առաջին տուրում իրար հետ հանդիպեցին ֆավորիտներից երկուսը՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Տիգրան Լ.Պետրոսյանը: Պարտիան անցավ անզիջում պայքարում եւ ավարտվեց 65-րդ քայլում: Սպիտակներով հանդես եկող Ռոբերտ Հովհաննիսյանը վերջնախաղում նավակով «բռնացրեց» սեւերի ձիուն եւ տպավորիչ հաղթանակ տարավ: Մրցաշարում առաջին միավորը վաստակեց նաեւ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Կարեն Գրիգորյանին: Տիգրան Հարությունյան – Արման Փաշիկյան եւ Մանուել Պետրոսյան – Հայկ Մարտիրոսյան պարտիաները խաղաղ ավարտ ունեցան: Վաղը տեղի կունենան 2-րդ տուրի հանդիպումները: Զավեն Անդրիասյանը սպիտակներով կմրցի Կարեն Գրիգորյանի հետ: Սկզբունքային պայքար է սպասվում նաեւ Տիգրան Լ. Պետրոսյան – Հովհաննես Գաբուզյան եւ Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաներում: