Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համանախագահները անուղղակի մասնակցում եւ ուղղակի քողարկում  են ադրբեջանական դիվերսիան» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
alaverdyan

«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ոգեւորում է Ադրբեջանին դեպի վայրագ գործողություններ, դա անուղղակի մասնակցություն, եւ ուղղակի քողարկում  է ադրբեջանական դիվերսիայի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Ըստ նրա՝ խնդիրը, ոչ միայն համանախագահներինն է, այլ նախեւառաջ հայ հասարակությանը։ «Հայկական կողմը ոչ միայն դիվանագիտական տեխնիկաները պետք է օգտագործի, այլեւ խորքային դիվանագիտական աշխատանք պետք է կատարի։ Սփյուռքը եւս այս հարցում անելիք ունի։ Որեւէ հայտարարություն անելուց առաջ ուսումնասիրվում է դաշտը։ Դեկտեմբերի 29-ի հետ կապված քանի՞ նամակ է գնացել միջազգային ինստիտուտներ հայ հանրությունից։ Ոչ մի։ Մենք, կարծես թե, սովորել ենք, որ սա մեր հարեւանն է եւ այդպես էլ պետք է լինի»։ Լ. Ալավերդյանի դիտարկմամբ՝ մենք ունենք ներկայացուցիչներ, որոնց բյուջեից  գումարներ են վճարվում Եվրոպայում՝ Բրյուսելում, Ստրասբուրգում, Վիեննայում մնալու համար, նրանք պետք է ի վերջո աշխատեն։ Նա նաեւ նշեց, որ առաջին անգամ է, որ համանախագահները նման իմպերատիվ հայտարարությամբ են հանդես գալիս։ «Արդյո՞ք երբ ադրբեջանական կողմը հայերի գլուխներ էին կտրում եւ հրապարակում՝ նման կոշտ հայտարարություններ եղան։ Այն ժամանակ ես համանախագահներից որեւէ հայտարարություն չէի սպասում։ Արդյո՞ք նման անհամաչափ վերաբերմունքը նշանակում է, որ Ադրբեջանից հումանիզմի որեւէ դրսեւորում չեն սպասում։ Որքանո՞վ է նման ասիմետրիկ մոտեցումը նորմալ»։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմը Կարմի Խաչի միջոցով Ադրբեջանին է ուղարկել 99 անհայտ կորած մարդկանց անուններից բաղկացած ցուցակ, որոնց հետ վերադարձի մասին ոչ ԵԱՀԿ-ն, ոչ միջազգային որեւէ այլ կազմակերպություն հայտարարությամբ հանդես չեն գալիս։