Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն խոչընդոտում է «Ժառանգությանը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-5

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է վերապատրաստել «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած ընտրական հանձնաժողովի 120 անդամներին։ ԿԸՀ֊ն իր դիրքորոշումը հիմնավորել է պնդմամբ, թե «Ժառանգություն»֊ը բաց է թողել օգոստոսին կազմակերպված դասընթացները։ «Օգոստոսն ամենաթեժ շրջանն էր՝ Սասնա ծռերի հետ կապված, ձերբակալություններ և այլն։ Իրենք և էդ խոչընդոտներն ստեղծում են, և օգտվելով՝ դրանից զուգահեռ ինչ֊որ գործընթացներ են կազմակերպում, որին մեր կուսակցությունը ֆիզիկապես չի կարողանում մասնակցել», ֊ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ «Սասնա ծռերի» գործողությունից հետո  «Ժառանգության» առանցքային գործիչները  կալանավորված էին, այդ թվում՝ Հովսեփ Խուրշուդյանը։  Ըստ ԿԸՀ֊ի սահմանած կարգի՝ ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող կառույցը պարտավոր է վերապատրաստել կուսակցության ներկայացրած 20-ից ավելի անձի և տալ հանձնաժողովի անդամի լիցենզիա։ Օրենքի այդ դրույթի անտեսումը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությանը հիմք է տալիս կարծելու, որ ԿԸՀ գործելակերպում քաղաքական միտում կա։ Հովսեփ Խուրշուդյանը նշում է. «Արհեստական խոչընդոտ են ստեղծում, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները չկարողանան իրենց լիցենզավորված անդամներին վերալիցենզավորել։ Դուք ամպագորգոռ հայտարարություններ եք անում դե ֆակտո ընտրված նախագահի շուրթերով, որ չքնաղ ընտրություններ եք անցկացնելու, այսպիսի խայտառակ իրավիճակի չկանգնեք, որ չքնաղ ընտրությւոնները միայն ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամներով չեք անցկացնելու»։ Ընտրություններին Ժառանգության մասնակցության ձևաչափը դեռ  հստակեցված չէ։ Չի բացառվում միայնակ մասնակցությունը։ Բայց և բանակցություններ են վարվում Համախմբում, Դեմոկրատական,  »Երրորդ հանարապետություն» կուսակցությունների, ինչպես նաեւ  Սեյրան Օհանյանի հետ։ Կուսակցության անդամներիվ Զարուհի Փոստանջյանը  դեմ է  իշխանության մաս կազմածների հետ  ընտրություններին  գնալուն։  Մասնավորապես  Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ։ «Էդ ամեն ինչը հիմա ամենադեստրուկտիվն է սկսել քննարկելը, հիմա պետք է ամեն ինչ անել, որ համախմբվեն այդ մարդիկ։ Եթե մենք վստահ ենք, որ այդ մարդիկ իրոք տրամադրված են իշխանափոխության, մենք ունենք ճանապարհ գնալու։ Սեյրան Օհանյանը նպատակադրվա՞ծ է իշխանափոխության՝ ես կարծում եմ, որ այո»,- պատասխանում է Հովսեփ Խուրշուդյանը։ Ընտրություններին այլ ուժերի հետ միավորվելը չեն բացառում   նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրեսում։ Հնարավոր դաշնակիցների թվում շրջանառվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը։ Ըստ տեղեկությունների՝ վերջինս պարբերաբար հանդիպում է Լևոն Զուրաբյանի հետ։ Այս տեղեկությունը ՀԱԿ-ում չեն շտապում հաստատել։ «Թողնենք դա, քանի դեռ վերջնական հստակեցումները չկան, առաջիկայում  ամեն ինչ կպարզվի, իր տեղը կընկնի և մենք հասարակությանը կներկայացնենք, թե մենք ինչ ձևաչափով և պատկերացումով ենք մասնակցում ընտրություններին»,- ասում է ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Անկախ այս հանգամանքից ՀԱԿ-ն արդեն հայտարարել է իր կարգախոսը։ Արդյո՞ք Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսը հեռու չէ ներքին կյանքն արտացոլելուց։ «Իհարկե լինելու են նաև այլ ենթակարգախոսներ, որոնք վերաբերելու են Հայաստանի առաջ ծառացած բազում այլ խնդիրների»,- ասում է Արման Մուսինյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ևս նախընտրական պրոցեսներ են ընթանում։ Արդյոք որևէ ուժի հետ միասնաբար կմտնի մրցապայքարի մեջ Գագիկ Ծառուկյանի նախկին կուսակցությունը, այստեղ հրաժարվում են ասել։ Չի բացառվում, որ հայտարարություն արվի միայն այն ժամանակ, երբ հստակ լինի՝ վերադառնում է Ծառուկյանը, թե ոչ։