Սոցապը արմատապես փոփոխված առաջարկներ կներկայացնի կառավարությանը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 9-ին անցկացրել է 2017թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Նախարարը կարևորել է 2016 թվականի ընթացքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, միաժամանակ նշելով, որ կա անհրաժեշտություն վերանայել անցած ճանապարհը և արմատական փոփոխություններ կատարել մոտեցումների մեջ: Անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից տրված վերջին հանձնարարականներին՝ նախարարը առաջին հերթին ընդգծել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործառույթների վերակազմակերպման խնդիրը, մասնավորապես, որ պետք է տարանջատվի դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթը, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացիների հետ շփումները: «Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում գործող ձևաչափով այլևս որոշումներ չեն կայացվելու»,- նշել է Արտեմ Ասատրյանը: Համակարգում այս և այլ կարևոր փոփոխությունների հետ կապված տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարությանը կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: Հաջորդ ուղղությունը վերաբերում էր նպաստների ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացմանը, առաջին հերթին՝ անապահովության գնահատման համակարգի մասով: ««Ամեն գնով» 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու համար իրականացվել են անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայման աշխատանքներ, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը: Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն ընտանիքի առաջնային կարիքները հոգալու համար ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ»,-ասել է նախարարը: Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում, նախարարի խոսքով պետք է ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարվի՝ սահմանափակ ռեսուրսով ավելի շատ շահառուների ներգրավումն ու սպասարկումն ապահովելու համար, իսկ զբաղվածության որոշ ծրագրերի պատվիրակումը պետք է իրականացվի առավել մասնագիտացած կառույցներին: Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին՝ նախարարը դեռևս չլուծված խնդիր է համարել աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը և նշել, որ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և բացառման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև ժամանակավոր անաշխատունակության, մայրության և մինչև 2 տարեկան երեխային խնամքի նպաստների ընթացակարգերի հետ կապված խնդիրների լուծմանը: Խորհրդակցության ավարտին նշված բոլոր ուղղությունների հետ կապված նախարար Արտեմ Ասատրյանը հստակ հանձնարարականներ է տվել և յուրաքանչյուր ուղղության համար նշանակել պատասխանատուներ: «Յուրաքանչյուրն ունենալու է անձնական պատասխանատվության դաշտ և թերի աշխատանքի դեպքում չի ընդունվելու որևէ բացատրություն կամ մեկնաբանություն»,-շեշտել է նախարարը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին