Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորի տոնական ժամանակացույց

Հասարակություն
8033241faabb685b1c709f932aa8eb62

Արարատյան Հայրապետակամ թեմը սիրով հրավիրում է Ամանորն ու Ս.Ծնունդը միասին նշելու Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու: Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Հայ Եկեղեցում դիմավորելու: Ամանորի գիշերը`ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության ու խաղաղության համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ: Տոնական ժամանակացույց Դեկտեմբերի 31-ին` Ամանորի կեսգիշերին, կկատարվի Մաղթանք և Նռան օրհնության կարգ: Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք: Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն և  Ս.Պատարագ: Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ:   Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ` ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների: Սուրբ Ծնունդ Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Ս. Խաչով և Սրբալույս Մյուռոնով  օրհնված հրաշագործ ջուրը կբաժանվի ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:   Դեռ նախորդ երեկոյից մարդիկ իրար ողջունելու են «Քրիստոս  ծնաւ  եւ  յայտնեցաւ: Օրհնեալ  է  յայտնութիւնն  Քրիստոսի» ավետիսով: Այն հավատացյալներին փոխանցվում է Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուս: Հավատացյալները Քրիստոս Մանուկի Սուրբ Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը  այդ կերպ հասցնում են իրենց օջախներ:  Հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին  բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրմիներին: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ  Ծննդյան տոնն ամփոփում է հունվարի 13-ին` Հիսուս Քրիստոսի Անվանակոչությամբ: Ըստ ավանդույթի, ծնողները ութ օրական Հիսուսին տարան տաճար` ընծայեցին Աստծուն, անվանակոչեցին ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել ու եբրայական օրենքներով թլպատեցին: Սուրբ Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներ, նրանց են փոխանցում Ս. Ծննդյան Ավետիսն ու տնօրհնեքի կարգ են կատարում:   Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին