Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերա՞զմ, թե՞«խաղաղություն», կամ ինչպես «պատերազմել» խաղաղության հասնելու համար

Քաղաքականություն
b5ce902b238a37260a732626432253a3

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո, ինչպես և սպասվում էր, նոր դիսկուրս պետք է սաղմնավորվեր, քանի որ քաղաքական ուժը որդեգրեց «խաղաղության դրոշակակրի» ծածանման քաղաքականությունը: Վերջինս ըստ էության այս տարիների համար նոր օրակարգ ձևավորելու հայտ է, քանի որ մինչ օրս ընդդիմադիր ուժերի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը ապօրինի ռեժիմից ազատվելու, վարչակազմին հեռացնելու հարցն է եղել: Ասել թե անվտանգության խնդիրը կեղծ օրակարգ է, կնշանակի էշի ականջում քնած լինել, ասել թե ապրիլյան քառօրյա պատերազմը լուրջ ազդակ չէր, կրկին միամտության դրսևորում կլինի, ասել թե «խաղաղության» «օրակարգը» Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն է, կնշանակի «այո» ասել ապօրինի իշխանության հարատևությանը: Հիմա հերթով Արդյո՞ք անկախությունից ի վեր ձևավորված արատավոր քաղաքական համակարգը ուղղակիորեն կապված չէ Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ: Իրար հաջորդող իշխանությունները Ռուսաստանից  Հայաստանի քաղաքական և տնտեսական կախվածությունը հիմնավորել են պատերազմի վտանգով: «Կախվածություն հանուն անվտանգության» քաղաքականությունն այս տարիներին աղետալի հետևանքներ է թողել Հայաստանի վրա:  Հենց «Հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության» վերնագրի ներքո է տեղի ունեցել պետության և նրա քաղաքացիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված ամենատարբեր ծանր հանցագործությունները` սկսած ընտրությունների կեղծումից, պետության հարստության թալանումից և  գողոնը տեղական ու օտարերկրյա բանկերում պահելուց, վերջացրած օֆշորային գոտիներում ներդրումներ իրականացնելով, տնտեսության մենաշնորհի և կոռուպցիայի արմատների ամրապնդմով,  իսկ այս ամենի դեմ տարվող հնարավոր պայքարին հաջորդել է` «ցնցումներ չառաջացնե՛ք, Ադրբեջանը կկրակի» քարոզը: Այն, որ ի դեմս Ադրբեջանի Հայաստանն ունի ոխերիմ թշնամի, ավելորդ է կրկնել, բայց թշնամու ահի միֆը տարածելը, սեփական ժողովրդին վախի  մթնոլորտում պահելը իշխանությունների շարունակական քաղաքականությունն է եղել  շուրջ երկու տասնամյակ: Իսկ որ առավել ծանր է` այս ամենը հիմնավորվել է Կրեմլի պատերին նայող քաղաքական ուժերի անկուշտ հայացքներով: Այս նույն ժամանակահատվածում քաղաքական ուժերի մեծամասնությունը իշխանության ձգտելուց առաջ իր հավատարմությունն է հայտնել «տիզբոնատերերին», ընդունել է Ռուսաստանի գերակայությունը սեփական երկրում և որպես վերին ատյան` ՌԴ դեսպանատան միջոցով փորձել է խնդիրներ լուծել ներքաղաքական փտած տախտակի վրա: Սրանից բխում է երկու մարտահրավեր ա) Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը և իշխանությունը փոխկապակցված են, և որքան էլ ունեն կամ կարող են ունենալ տարբեր շահեր, այնուամենայնիվ նրանց շղթաները ռուսկան ԿԳԲ-ի «Գործ №» վերնագրերով հաստափոր թղթապանակներում են և կրիտիկական իրավիճակներում նրանց ի մի են բերում: բ) Կախված լինելով Ռուսաստանից` երկիրը զրկվում է միջազգային ճկուն քաղաքականությունից, ինչպիսի իրավիճակ և ունենք հիմա: Սրա վառ օրինակն էր իշխանությունների 3 տարուց ավել տևած բանակցությունները Եվրամիության արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ, որը տեղի չունեցավ շատ պարզ պատճառով. Կրեմլից հրավիրեցին Սերժ Սարգսյանին, հայտարարել տվեցին, որ Հայաստանը հրաժարվում է եվրաասոցացումից և պետք է անդամակցի Մաքսային միությանը: Սրան ընդդիմադիր ուժերի հուժկու բողոքի ակցիաներ չհաջորդեցին, ավելին` ընդդիմության առաջնորդներից հենց Տեր-Պետրոսյանն էր, որ անշրջելի համարեց  «ռուսականացման» ընթացքը և դրա դեմ ըմբոստացող ոչ ստվար զանգվածին մի բուռ «ջղաձգվողներ» անվանեց: Ավելին` հայտարարեց, որ «...թևներս քշտենք և, օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, փորձենք շենացնել, բարեկարգել մեր երկիրը»։   Էստեղից հարց է ծագում. արդյո՞ք Ղարաբաղյան կոնֆլիկտը ցանկանում ենք լուծել, որպեսզի ազատվենք ռուսական քաղաքականության ուղղահայացից: Եթե այո, ապա ինչո՞ւ ենք իշխանությանն աջակցում կամ թույլ տալիս, որ երկիրը հնարավորինս կախվածության մեջ դնի Ռուսաստանից` Հայաստանում Ռուսական ռազմաբազայի պայմանագիրը 49 տարով երկարացնելով, ԵԱՏՄ-ին անդամակցելով, համատեղ ՀՕՊ համակարգի և  դաշտային ուժերի ստորաբաժանման համաձայնագրի վավերացմամբ: Ինչո՞ւ ենք ասում, որ Արցախի հակամարտության հանգուցալուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, և Ռուսաստանը վերջին շրջանում կարգավորման ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում: Ո՞րն է ելքը կամ ի՞նչ անել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» դիսկուրսում առաջին հայացքից «խաղաղության» դրոշակակիրները մարդասիրական գերմարդկային առաքելության հայտ են ներկայացրել, և փորձում են բոլորիս համոզել, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ մենք` «արնախումներս», պաթոսի ջերմությամբ տապակված, ուզում ենք մնալ ֆիդայի, ուզում ենք պատերազմի վառոդահոտ շնչել: Արդյոք կեղծ չէ՞ այս դիսկուրսը, արդյոք կա՞ հանրային մի հոծ շերտ, որը խաղաղությանը դեմ է, որը ուզում է թշնամիներով շրջապատվել, չունենալ բարիդրացիական հարաբերություններ հարևանների հետ, չունենալ ելք դեպի ծով, օտարերկրյա ներդրողների համար խաղաղ հարթակ: Կարծում եմ ոչ, ուրեմն հասկանանք, թե որն է իրական խնդիրը: Արդյո՞ք հայ ժողովուրդը չի ապացուցել, որ խաղաղության կողմնակից է: Արդյո՞ք Ալիևը փոխզիջումի պատրաստակամության հայտ է ներկայացրել միջազգային հանրության քավորությամբ, որին դեմ են արտահայտվել Արցախն ու Հայաստանը: Բնավ ոչ: Այդ պարագայում ո՞րն է «խաղաղություն» քարոզելու ռազմավարության իմաստը: Ավելին, Բաքվի բռնապետը հայտարարում է, որ կա մեկ բանաձև` «ամեն ինչ կամ պատերազմ», որին ակտիվորեն  պատրաստվում է: Իսկ  պատրաստվելը չի նշանակում բացառապես զինման պրոցես: Ալիևը, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հասկանալով, որ միայն առավել զինված լինելը բավարար չէ հաջողություններ գրանցելու համար, հասկանալով, որ հայ զինվորականի ոգին տեղն է, և նա սրբորեն է վերաբերվում ամեն մի թիզ թողի պաշտպանությանը, անհրաժեշտաբար ու նոր թափով անցավ թշնամու թիկունքը թուլացնելու պրոցեսին: Իսկ ռազմատենչ  քարոզի պարզ տրամաբանությունը մեկն է. խուճապ տարածել`հնարավորինս կրկնելով, որ եթե  Հայաստանը չզիջի, Ադրբեջանը Ռուսաստանից ու Իսրայելից գնած միլիարդանոց  ռազմատեխնիկան գործի կդնի և լայնամաշտաբ պատերազմի արդյունքում ոչ թե 100, այլ  այս անգամ` հազարավոր, տասնյակ հազարավոր զոհեր կլինեն, և հետ կվերադարձնի հողերը: Ինչպես նաև  պատահական չէ ալիևյան քարոզչամեքենայի կողմից  «հայ-խաղաղասեր» որսալու պրոցեսը: Ռազմատենչության վարպետի կողմից ձևավորած «խաղաղասերների պլատֆորմի» առաքելությունը պարզ չէ միայն միամիտներին, որն  աշխարհին ուզում է ցույց տալ, թե Հայաստանի հասարակությունը ուզում է հողերը վերադարձնելով խաղաղություն բերել սահմանին: Ալիրյան քարոզչամեքենան նպատակ ունի նաև  քանդել Հայաստանից հնչող այն փաստարկը, թե իբր ադրբեջանական հայատյացությունը սին է, և հայերն ուզում են ադրբեջանցիների հետ ապրել, պարզապես հնարավորություն չունեն: Խաղաղասերների պլատֆորմին հաջորդեց «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության նախագահի և «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի հեղինակ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղության» ելույթը, որին էլ հաջորդեց նրա համակիների՝ խաղաղության մասին ամենօրյա գրառումները ֆեյսբուքում: Եվ քանի որ թշնամին իր օրակարգում հարձակվելուց և Հայաստանին կապիտուլացիայի ենթարկելուց բացի այլ կետեր չունի, ուրեմն Հայաստանի օրհասական խնդիրը «խաղաղության» քարոզը չէ: Ուստի ընդդիմադիր քաղաքական ուժերը  պետք է հստակ քաղաքական օրակարգ ձևավորեն հետևյալ խնդիրների շուրջ. ա) վերականգնել Հայաստանի անկախությունը, բ)  ձևավորել ընտրական ինստիտուտը` իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով, գ) բացառել քաղաքական բանտարկյալի ինստիտուտը, դ) սկսել լայնաճակատ պայքար երկրում տիրող կործանիչ կոռուպցիայի դեմ, ե) քայլ առ քայլ վեր հանել և լուծումներ պարտադրել ժողովրդավարության այլ հիմնախնդիրների վերաբերյալ: զ) պարտադրել իշխանությանը, որ ընդունվի «Լուստրացիայի մասին» օրենքը և հանրությունն իմանա, թե ովքեր են օտար պետությունների գործակալները: Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, այս պարագայում,  ստատուս քվոյի պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգում, և ոչ թե ևս 2 տասնամյակ երկիրը թալանելու ապաշնորհ քաղաքականություն իրականացնելու համար, այլ Հայաստանում նոր որակի արտաքին ու ներքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ստատուս քվոն պետք է փոխել մի պայմանով, այն պետք է լինի Արցախի` Հայաստանին միանալու ճանապարհով: Խաղաղության ճանապարհը մեկն է, այն պետք է պարտադրել Ալիևին`  ինքնիշխանության վերականգմամբ,ուժեղ տնտեսությամբ, ժողովրդավարական պետական ինստիտուտների առկայությամբ, հզոր բանակով, արտաքին վստահ ու ճկուն քաղաքականությամբ,  և ոչ թե հողեր զիջելով, երկիրը թալանելով, և Ռուսական «Տիզբոնից» «դաբրոներ» բերելով: Ընդգծենք նաև մի կարևոր դիրքորոշում. բացի այն, որ հողերը պատմական Հայաստանի մաս են կազմել, բացի այն, որ այդ շրջաններում հիմնականում հայերն են ապրել, այլև պատերազմի ընդունված կանոնոների համաձայն`  ագրեսորը պատժվել է տարածքային կորուստներով:  Անհասկանալի է, որ Հայաստանի 3 նախագահներն էլ համարել են, որ  7 շրջաններն ազատագրված են, բայց 3-ն էլ բանակցել են, թե որ պայմաններում դրանք կամ դրանց մի մասը կհանձնեն Ադրբեջանին: «Ազատագրված հողն»  ունի պարզ բացատրություն. քեզ պատկանած հողը/տարածքը հետ վերցնել այն քեզնից խլողից: Կամ ընդունում ենք, որ այդ հողերը մերը չեն եղել մինչ ազատագրելը, և մենք օկուպացրել ենք Ադրբեջանի հողերը, և այս պարագայում զիջելը քննարկման հարց կդառնա, կամ եթե օգտագործում ենք «ազատագրված» տերմինը, ապա այն սակարկելը ոչ այլ ինչ է, քան պարտվողական և Հայաստանի շահից չբխող քաղաքականություն: Հետգրության փոխարեն  «Խաղաղության» դրոշակակիրները մի բան պետք է հստակ հասկանան, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի առանձնահատուկ բնույթ. երկու կողմերից մեկը պետք է հաղթի, որի արդյունքում հաղթողը ռազմաքաղաքական դոմինանտություն է ձեռք բերելու: Իսկ Հայաստանում գրեթե բոլորը միակարծիք են, որ Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում հայ ժողովուրդն առավել քան միասնական է լինելու և արժանի հակահարված է տալու թշնամուն:  Ուրեմն դադարեցնենք զիջելու քարոզը, շարժվենք հայ ժողովրդի միասնականությունն օր առաջ ապահովելու ճանապարհով, և երկիրը երկիր դարձնենք: Իսկ դրանից հետո թշնամին ո՞ւմ շունն է: Հակամարտության հանգուցալուծման բանալին մեր մտածողության փոփոխության մեջ է, իսկ այլ մայրաքաղաքներում այն փնտրելը կախվածության մեծացման և կողպվածության հարատևման ամենակարճ ուղին է: Դավիթ Սանասարյան «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ