Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց զինվորների ճակատամարտում

Սպորտ
aronyan

Լոնդոնում ընթացող Chess Classic շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն անհաջողության մատնվեց: Ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լարգավի հետ պարտիայում սեւերով հանդես եկող մեր հայրենակիցը վատ չսկսեց եւ խաղասկզբում դիրքային առավելություն ստացավ: Սակայն Լեւոն Արոնյանն ոչ միայն չկարողացավ ավելացնել այն, այլեւ միջնախաղում կոպիտ սխալներ թույլ տվեց: Սպիտակները չնայած որակի պակաս ունեին, սակայն բավական գերազանցում էին զինվորներով՝ 7-ը 4-ի դեմ: Լեւոն Արոնյանն այդպես էլ չկարողացավ վերադարձնել զոհաբերած զինվորներին եւ 41-րդ քայլին պարտություն կրեց: Վեց տուրից հետո մեր գրոսմայստերն ունի 3 միավոր եւ չորս շախմատիստների հետ բաժանում է 4-8-րդ տեղերը: Այսօր նախատեսված 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, որը նույնպես 3 միավոր ունի: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է ամերիկացի Ուեսլի Սոն, որը ընդամենը կես բալով է գերազանցում իր հայրենակից Ֆաբիանո Կարուանային: